21 06 2019

Ավելի լավ է գնալ բախտ նայողի մոտ, քան մեկնաբանել Արմեն Դանիելյանի գործողությունները. Ալումյան

Ավելի լավ է գնալ բախտ նայողի մոտ, քան մեկնաբանել Արմեն Դանիելյանի գործողությունները. Ալումյան

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի դիմումը և այն կքննի օգոստոսի 29-ին: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ և օրեր անց պետք է հրապարակի որոշում նաև Մարտի մեկի գործը ՍԴ ուղարկելու մասով: Թե ինչպե՞ս կարող է ՍԴ կողմից գործը վարույթ ընդունելը ազդել Վերաքննիչ դատարանի որոշման վրա և ի՞նչ ընթացք կարելի է ակնակել: Այս մասով իրավական գնահատական խնդրեցինք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանից: Մեզ հետ զրույցում, Ալումյանը, մասնավորապես նշեց.

«Դատավոր Արմեն Դանիելյանի բոլոր գործողություններն ու որոշումներն այն աստիճան անկանխատեսելի են ու այն աստիճան կախված չեն օրենքներից, որ նրա գործողությունները ուղղղակի ոչ մի ձևով կանխատեսել հնարավոր չի: Ավելի հեշտ է կանխատեսել, թե մյուս տարի այս ժամանակահատվածում ինչ եղանակ է լինելու Հայաստանում:

Եթե Վերաքննիչ դատարանի մասին ենք խոսում ու դատավոր Դանիելյանի, իրավական որևէ վերլուծություն անզոր է, կարելի է ասենք վերցնել տասը դրամանոց և ղուշ-գիր գցել, կարելի է գնալ բախտ նայողի մոտ, բայց իրավական վերլուծությունը անիմաստ է:

Բայց ամեն դեպքում ինչ որոշում էլ կայացնի Վերաքննիչ դատարանը, դա չի ազդելու օգոստոսի 29-ի նիստի վրա: Պետք է արձանագրել, որ Սահմանադրական դատարանն արդեն չի համարում ակնհայտ անհիմն քրեական օրենսգքրի 300.1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ կասկածները, որովհետև եթե համարեր ակնհայտ անհիմն, պիտի վարույթ չընդուներ: Այս դեպքում Վերաքննիչ դատարանը արդեն իրավունք չունի Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ՍԴ դիմելու մասին, համարել ակհայտ անհիմն կամ ասենք վերացնել այդ որոշումը, էլ չասեմ, որ նման իրավասություն էլ չունի: Բայց դե եթե խոսում ենք դատավոր Դանիելյանի մասին, նա փորձելու է որևէ կերպ դատախազությանը չնեղացնի և այլ վերլուծություն անիմաստ է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ