Անշարժ գույքի կոմիտեն օրենքի նախագիծ է ներկայացրել կառավարություն: Խոսքը գույքահարկի մասին օրենքի, պաշտոնական բառապաշարով ասած, լրամշակման մասին է:
Սովորաբար, երբ խոսվում է հարկային որևէ օրենքի լրամշակման մասին, ենթադրվում է, որ այդ հարկատեսակի դրույքներն ավելանալու են: Այս դեպքն էլ բացառություն չէր: Գույքահարկն ուղղակի հարկ է, որ մուծում են բոլորը՝ թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ իրավաբանական: Ընդ որում, իրավաբանական անձինք գույքահարկ մուծում են ոչ միայն սեփական, այլև վարձակալված գույքի համար (համաձայն վարձակալության պայմանագրի): Հիմա Հայաստանում գույքահարկը գանձվում է ըստ կադաստրային արժեքի: Լայն իմաստով՝ քաղաքներում գույքահարկը (այն տեղական հարկ է) այսօր բավական փոքր ծավալներ ունի:
Ասենք, որ գույքահարկի կարգավորման նոր էտապով ինչ–որ իմաստով մենք տարածաշրջանում հետնապահ ենք: Վրաստանում գույքահարկի «լրամշակված տարբերակը» գործում է 2015-ից: Վրացական օրենսդրությունը հատ-հատ թվարկելով երկրի բնակավայրերն ու տարածքները՝ յուրաքանչյուրի համար որոշակի դրույքաչափ է սահմանել: Բնականաբար, ամենաբարձրը Թբիլիսիում ու Մառնեուլիում է` արժեքի 1 տոկոսի չափով: Իսկ մյուս տարածաշրջաններում 100 հազար լարիից էժան գույքի դրույքաչափը 0.05-0.2 տոկոս է, իսկ ավելի թանկ գույքի հարկաչափը` 0.8-1 տոկոս: Վրացական օրենսդրությամբ հստակ կարգավորված են վարելահողերի, արոտավայրերի, ոչ գյուղատնտեսական հողերի դիմաց գանձվող դրույքաչափերը: Օրինակ՝ ոչ գյուղատնտեսական հողի մեկ հեկտարի դիմաց սեփականատերը տարեկան վճարում է 0.24 լարի: Բնականաբար, նման դասակարգում կա նաև Ադրբեջանում: Այս երկրում ևս ամենաթանկ գույքը մայրաքաղաքում է (դրույքաչափն առնվազն հինգ անգամ բարձր է մյուս բնակավայրերից):
Ադրբեջանում տուն-բնակարանների գույքահարկը հաշվարկելիս մեկ չափանիշ ևս կա: Ամեն բնակչի համար հաշվարկվում է 30 քառակուսի մետր, իսկ գերազանցող տարածքի դեպքում հավելյալ գանձվում է գույքի արժեքի 0.1 տոկոսի չափով: Ակնհայտ է, որ շատ երկրներում գույքահարկն օգտագործվում է որպես սոցիալական արդարության ինքնատիպ չափանիշ: Հարուստ մարդն ապրում է թանկ թաղամասում և մեծ տանը: Հետևաբար, ենթադրվում է, որ հարուստ մարդը շատ ավելի մեծ հարկ պիտի մուծի: Այսինքն, գույքահարկի մեջ որոշակի իմաստով շքեղության հարկի տարրեր են ներմուծվում: Սակայն ոչ բոլոր երկրներում է այս մեթոդաբանությունը կիրառվում:
Գերմանիայում ընդհանրապես ֆիզիկական անձից գույքահարկ չի գանձվում 1997-ից: Այս երկրում կարծում են, որ գույքի գնահատման կարգն իր էությամբ հակասահմանադրական է և դեմ է մասնավոր սեփականության ու հարստանալու մարդկային ձգտման տրամաբանությանը: Ռուսաստանը, հավանաբար, որոշակի տուրք տալով սոցիալիստական ոչ վաղ անցյալին՝ գույքահարկի բավական բարձր` 2–տոկոսանոց սանդղակ ունի:
Մեր պարագայում գույքահարկի նոր փոփոխությունների նկատմամբ որոշակի կասկածներ կան: Հիմա գործող դրույքաչափերը սրանք են՝ երկաթբետոնե շենքի մեկ քառակուսի մետրի հաշվարկային գինը 230 հազար դրամ է, իսկ քարե շենքինը համապատասխանաբար` 250 հազար: Օրենքի նախագիծն առաջարկում է դրանք «համահարթեցնելով»՝ սահմանել 700 դրամ: Ակնհայտ է, որ նման մոտեցման դեպքում գույքահարկը կտրուկ կաճի: Նախագծի հեղինակները չեն թաքցնում, որ գույքահարկը դիտում են որպես տնտեսական աշխուժացման լծակ: Այսինքն, ենթադրում են, որ թանկ (և ոչ միայն թանկ) թաղամասերում բարձր գույքահարկը սեփականատիրոջը կստիպի ունեցվածքը «չքնեցնել»` վաճառել կամ օգտագործել բիզնես նպատակների համար:
Փորձագետների շրջանում այս մոտեցումը միանշանակ չի ընդունվում: Նախ համապատասխան բիզնես գաղափար ունենալու պարագայում ոչ մի մեծահարուստ ու գործարար գույքը չի «պահածոյացնում»: Բայց միայն մեծահարուստներն ու գործարարները չէ, որ թանկարժեք գույք ունեն: Երևան քաղաքի կենտրոնում դեռ ապրում են մարդիկ, ովքեր բնակարանները ստացել են 60-70-ական թվականներին: Գույքահարկի կտրուկ բարձրացումը նրանց ավելի կաղքատացնի:
Այս երևույթը բավական լավ նկարագրված է անցումային շրջանի տնտեսագիտության մեջ: Քաղաքների կենտրոնում թանկարժեք բնակարաններ ունեցող թոշակառուների համար նույնիսկ հորինվել էր «աղքատ միլիոնատերեր» տերմինը: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր հոգեբանորեն պատրաստ չեն վաճառել իրենց թանկ բնակարանը (տունը) և տեղափոխվել այլ՝ ավելի համեստ թաղամաս ու բնակավայր: Նույն իրավիճակը կլինի նաև մարզերի բնակչության համար: Հողի ու անշարժ գույքի թանկացումը նույն չափով կաղքատացնի նրանց: Առնվազն` նույն չափով: Բոլոր դեպքերում գործադիր իշխանությունում ձևավորված այս նախագծի հետագա քննարկումը կհստակեցնի նոր իշխանությունների տնտեսական քաղաքականության սկզբունքները:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը