18 12 2023

Բնակարանների վաճառքը կրճատվել է. 168.am

Բնակարանների վաճառքը կրճատվել է. 168.am

168.am-ը գրում է. Չնայած թվում է, թե բոլորը լծված են բնակարան գնելու գործին, բնակարանային շուկան այս տարի Հայաստանում շատ պասիվ է։ Անհամեմատ ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան վաճառվել էր անցած տարի։

Պաշտոնական տվյալներով, բնակարանների վաճառքը Հայաստանում այս տարվա տասն ամսում կրճատվել է գրեթե 16 տոկոսով։ Երևանում կրճատումը շատ ավելի մեծ է՝ շուրջ 29 տոկոս։

Այս տարի ավելի քան 3,2 հազարով պակաս բնակարան է վաճառվել, ինչը մեծ թիվ է մեր շուկայի համար։

Բնակարանների վաճառքը կրճատվել է գերազանցապես մայրաքաղաքում, որտեղ կենտրոնացած է շուկայի ամենամեծ հատվածը։ Դրա հետևանքով նվազել է նաև Երևանի բնակարանային շուկայի կշիռը։ Նախորդ տարի այստեղ էին կատարվել բնակարանների առք ու վաճառքի գործարքների 54 տոկոսից ավելին։ Այս տարի 45-46 տոկոսի շրջանակներում է։

Բնակարանային շուկայի պասիվացման վրա ազդել են ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև օտարերկրացիների տրամադրությունները։

Օտարերկրացիները, որոնք որոշակի հետաքրքրություններ ունեն բնակարանային շուկայի նկատմամբ և տարեկան սովորաբար 1-1,5 հազար բնակարան են ձեռք բերում Հայաստանում, այս տարի ակտիվություն չեն դրսևորել։ Ավելի քիչ բնակարան են գնել, քան գնել էին նախորդ տարի։

Նախորդ տարվա տասն ամսում գնել էին՝ 958, այս տարի գնել են՝ 803 բնակարան։

Սրա մեջ մտնում են՝ ինչպես բազմաբնակելի շենքերի բնակարանները, այնպես էլ՝ անհատական տները։

Ի հեճուկս իշխանությունների այն հայտարարությունների, որ Հայաստանը դարձրել են ապրելու համար իդեալական երկիրը, դրա համար էլ օտարերկրացիները նախընտրում են գալ Հայաստան, այս թվերը հակառակն են ապացուցում։ Օտարերկրացիները, որոնք, գիտենք, թե հիմնականում ովքեր են, խուսափում են հաստատվել Հայաստանում։ Եվ դրա ապացույցն այն է, որ նրանց կողմից բնակարանների նկատմամբ ներկայացված պահանջարկը կրճատվել է, այն էլ ոչ քիչ չափով։ 155 բնակարան այս տարի պակաս են գնել։

Դեռ չենք ասում, թե ինչքան են վաճառել։ Վաճառքը սովորաբար անհամեմատ ավելի մեծ է՝ մեկուկես-երկու անգամ ավելի շատ վաճառում են, քան գնում։

Ընդհանուր առմամբ օտարերկրացիներն այս տարի Հայաստանում 16 տոկոսով քիչ բնակարան են գնել։

Պատճառները, ինչպես Հայաստանի քաղաքացիների պարագայում, կարող են տարբեր լինել։ Բայց պատճառների մասին չէ, որ ուզում ենք խոսել։

Բնակարանային շուկայում մեկ այլ միտում է կարծես նշմարվում. խոսքը գնային իրավիճակի մասին է։

Վերջին տարիներին, շատերի համար անհասկանալի, բնակարանների գները Հայաստանում բավական կտրուկ բարձրացել են։ Նույնիսի գերարժևորման երևույթներ են արձանագրվել։ Մի պահ Կենտրոնական բանկը խոսում էր գների ընդհուպ 25 տոկոս գերարժևորման մասին։ Հաշվի առնելով, որ այդ գնահատականներից  հետո էլ շուկան շարունակել է թանկանալ, պետք է ենթադրել, որ գերարժևորումը պահպանվել է նաև հետագայում։ Ամեն դեպքում, 25 տոկոսն արդեն մեծ տարբերություն է, ու դա նշանակում է, որ բնակարանների գները մեկ քառորդով ավելի բարձր են, քան իրականում պետք է լինեին։

Առկա է արհեստական ձևավորված գնաճ, որը խթանել են կառավարությունն ու Կենտրոնական բանկը՝ եկամտային հարկի հետվերադարձով։

Գերարժևորված գների պայմաններում, անշուշտ, շուկայի ճգնաժամի ռիսկերն ավելի են մեծանում։ Բայց այդ երևույթը չի կարող անվերջ շարունակվել և ինչ-որ պահից շուկայի գնային իրավիճակը հավասարակշռվելու է։ Այլ բան, թե դա ե՞րբ կարող է լինել և ի՞նչ պայմաններում։

Առաջին հայացքից բնակարանային շուկայում առկա բարձր գնաճն առայժմ պահպանվում է և կարծես նահանջելու մտադրություն չունի։ Տարեսկզբի ինն ամիսներին Երևանում բնակարանների միջին գները, Կադաստրի կոմիտեի տվյալներով, բարձրացել են ավելի քան 10 տոկոսով, մարզերում նույնիսկ ավելի շատ՝ 13 տոկոսով։

Միտումն արտաքուստ շարունակվել է նաև հոկտեմբերին։ Ավելին՝ թվում է, հոկտեմբերին գնաճը նույնիսկ արագացել է։

Պաշտոնական տվյալներով, այդ ամսին Երևանում բնակարանների գները միջինում ավելացել են 2,7 տոկոսով։

Բայց պետք է հաշվի առնել, որ սրանում առկա է նաև փոխարժեքի փոփոխության և դրամի արժեզրկման գործոնը, որն էական դեր ունի անշարժ գույքի գործարքների պարագայում։

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Հայաստանում անշարժ գույքի գնանշումը հիմնականում կատարվում է տարադրամով, մասնավորապես՝ ամերիկյան արժույթով, բայց գործարքները գրանցվում են համարժեք դրամով։ Այդ պատճառով փոխարժեքի փոփոխություններն ուղղակիորեն իրենց արտահայտությունն են թողնում թե՛ ընդհանրապես անշարժ գույքի, և թե՛ բնակարանների պաշտոնապես արձանագրվող գների վրա։

Հայտնի է, որ բավական երկար ժամանակ տեղի ունեցած  արժևորումից հետո, հոկտեմբերին դրամն արժեզրկվեց։ Այդ ամսին դոլարի միջին փոխարժեքը կազմեց 404 դրամ։ Այսօր էլ գրեթե դրա սահմաններում է։

Մինչդեռ՝ երբ դրամը դեռևս չէր արժեզրկվել, դոլարի միջին գինը սեպտեմբերին 386,9 դրամ էր։ Ու երբ այս փոխարժեքներով հաշվարկում ենք, տեսնում ենք, որ հոկտեմբերին, դոլարով արտահայտված, բնակարանների գները նվազել են։

Մասնավորապես՝ սեպտեմբերին Երևանում բնակարանների 1 քառակուսու միջին գները եղել են 477,8 հազար դրամ կամ 1234 դոլար, իսկ հոկտեմբերին՝ չնայած դրամով գները բարձրացել են և հասել 490,4 հազարի, այնուհանդերձ դոլարով արտահայտված ավելի ցածր են եղել. մեկ քառակուսու միջին գինը կազմել է 1213 դոլար։

Այսինքն՝ սեպտեմբերի համեմատ՝ միջին գները նվազել են 21 դոլարով, ինչը համարժեք է 1,7 տոկոսանոց անկման։ Այն Երևանի տարբեր վարչական շրջաններում տարբեր կերպ է արտահայտվել։ Կենտրոնում մեկ քառակուսու գնի նվազումը ստացվում է՝ 34, Արաբկիրում՝ 24, Քանաքեռ-Զեյթունում և Դավիթաշենում՝ 18, Ավանում՝ 14 դոլար, և այլն։

Ակնհայտ է, որ ի տարբերություն դրամայինի, դոլարային գներով հոկտեմբերին Երևանում բնակարանների էժանացում է գրանցվել։ Թեև դեռ վաղ է դրանով դատողություններ անել շուկայի առաջիկա սպասումների վերաբերյալ, որովհետև կան բազմաթիվ գործոններ, որոնք թույլ չեն տալիս դոլարային գների մեկամսյա նվազման հիման վրա միանշանակ խոսել շուկայի հետագա գնանկման մասին։ Շատ բան պարզ կլինի առաջիկա մի քանի ամիսների դրսևորումներից հետո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ