Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ դատաիրավական բարեփոխումները շարունակական գործընթաց են և, բնականաբար, Հայաստանում ևս նման բարեփոխումների անհրաժեշտություն կա նաև այսօր: ՍԴ նախագահը նաև անդրադարձել է դատավորների վեթինգի թեմային՝ նշելով, որ ինքը հակված է կարծելու, որ Հայաստանում դատավորների նկատմամբ վեթինգ չի կիրառվելու։ Նրա կարծիքով՝ առկա խնդիրները հնարավոր է լուծել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները կատարելագործելու, ապագա հակակոռուպցիոն հանձնաժողովի ողջ ներուժն արդյունավետ օգտագործելու ճանապարհով: Հրայր Թովմասյանը վստահեցնում է, որ Հայաստանում դատավորների մեջ կան մեծ թվով լուսավոր, հայրենասեր, իրենց գործի նվիրյալ մարդիկ, որոնք մեծամասնություն են կազմում:
– Ինչպե՞ս կգնահատեք երկրում ստեղծված քաղաքական վիճակը և ի՞նչ կասեք դատարանների շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
– «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորը հրապարակային ելույթներում և ցանկացած այլ հանգամանքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Ուստի, այս սկզբունքների պահպանման պարագայում քաղաքական իրավիճակի գնահատականն ամբողջական չի ստացվի, իսկ գնահատականներ տալ, որոնք ոչ ամբողջական լինելու պատճառով չեն ընկալվի, որոնք տարակարծիք մեկնաբանությունների տեղիք կտան, չեմ ցանկանա: Ինչ վերաբերում է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակին, հաշվի առնելով, որ մատնանշածս հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումները և հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում, իմ դիտարկումները կարող եմ ներկայացնել:
Անկախության առաջին տարիներից սկսած՝ ես չեմ կարող առանձնացնել թեկուզ կարճատև որևէ ժամանակահատված, որի ընթացքում մենք դատական իշխանության ոլորտում արձանագրած լինենք հետընթաց: Բոլոր կառավարությունների, արդարադատության բոլոր նախարարների առաջնահերթ խնդիրը եղել է դատաիրավական բարեփոխումները: Եթե համեմատենք 90-ականների դատական իշխանությունը այսօրվա հետ, ապա դրական առումով փոփոխությունները ակնառու են` օրենսդրության որակը, դատավորների գիտելիքները, ընդունված որոշումների որակը, հիմնավորվածությունը, դատական իշխանության կազմավորման կարգը, շենքային պայմանները և այլն: Սակայն ոչ մի կառավարություն, ոչ մի արդարադատության նախարար չի ասել, որ դատական իշխանությունում առկա վիճակը մեզ գոհացնում է (նույնը, բնականաբար, կարելի է ասել նաև իշխանության մյուս ճյուղերի մասին) ու այլևս ոչինչ չկա անելու: Դատաիրավական բարեփոխումները շարունակական գործընթաց են, այդ մասին խոսում են անգամ Գերմանիայում և ԱՄՆ-ում և, բնականաբար, Հայաստանում ևս պետք է արձանագրենք, որ նման բարեփոխումների անհրաժեշտություն կա նաև այսօր:
- Ցանկանում եք ասել, որ բոլոր դատավորները բանիմաց են ու անկաշա՞ռ:
- Ես նման բան չասացի: Բոլոր իշխանությունների ժամանակ` մի դեպքում մի քիչ շատ, մյուս դեպքում քիչ, եղել են դատավորներ, որոնք դատապարտվել են հենց կոռուպցիոն հանցագործությունների համար, այն կարծիքին չեմ, որ այսօր նման դատավորներ ընդհանրապես այլևս չկան Հայաստանում: Բայց դատական իշխանության վերաբերյալ ընդհանրական դատողությունները վտանգավոր են, միգուցե այլ դեպքերում՝ ևս, սակայն այստեղ մենք գործ ունենք իշխանության մի ճյուղի հետ, որն ի տարբերություն քաղաքական իշխանության, չունի ամբիոն հրապարակայնորեն բոլոր մեղադրանքներին պատասխանելու համար:
– Ինչո՞վ եք պայմանավորում դատական իշխանության նկատմամբ ցածր վստահությունը:
– Բնավ էլ այն կարծիքին չեմ, որ այդ վստահությունը ցածր է կամ ավելի ճիշտ` ավելի ցածր է, քան այլ ոլորտների` ասենք առողջապահության, կրթության կամ ոստիկանական համակարգերի հանդեպ: Ես ճշգրիտ չգիտեմ, թե բնակչության քանի տոկոսն է վստահում դատարաններին, սակայն հաշվի առնելով հայցերի, դիմումների թվի անընդհատ աճը, հաշվի առնելով հանրային իշխանության դեմ կայացրած դատական ակտերի թվի աճը, կարելի է փաստել, որ վստահությունը բարձրանում է, արդյոք բավարա՞ր տեմպերով՝ չեմ կարող ասել: Հետաքրքիր է պարզել, թե դժգոհների քանի տոկոսն է դատարանի հետ շփվելու արդյունքում դժգոհ դատարանից և քանի տոկոսն է լսելով, կարդացածով ձևավորել իր դժգոհությունը. վստահ եմ, որ երկրորդ խումբն ավելին է, քան առաջինը: Մյուս կողմից ակնկալել, որ ազատազրկման դատապարտողից, հօգուտ ուրիշի քեզանից գումար գանձողից պետք է գոհունակություն սպասել, միամտություն է: Կա նաև մեկ այլ երևույթ, երբ այդ կարծիքը ձևավորում են առանձին փաստաբանները, որոնք ցանկացած պարտված գործի մեղավոր, իրենց հաճախորդի մոտ առնվազն, համարում են դատավորներին: Պիտի նկատեմ միաժամանակ, որ այս երևույթը փաստաբանական պալատի հետևողական աշխատանքի արդյունքում փոքրանում է: Մյուս կողմից, չի կարող չէ՞, որ բոլոր դատական ակտերից բոլորը դժգոհ լինեն, կան չէ՞ նաև մարդիկ, որոնք գոհ են, բայց նրանք դա չեն բարձրաձայնում. միգուցե և դրա անհրաժեշտությունը չկա, իսկ դժգոհողները բարձրաձայնում են, ու ստացվում է, որ բոլորը դժգոհ են, ինչն էլ բերում է այդ վստահության նվազմանը:Դատավորի աշխատանքը ես համարում եմ հանրային իշխանության ոլորտում ամենաբարդն ու պատասխանատուն, և շատ կարևոր է, որ նրանք արժանանան իրենց բարձր կարգավիճակին ու պատասխանատվությանը համապատասխանող վերաբերմունքի, հարգանքի:
– Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, իշխանափոխություն, օրենսդիր և գործադիր իշխանությունն անցել է այլ քաղաքական ուժի: Արդյո՞ք դատական իշխանությունում այդ փոփոխությունները ևս չպետք է կատարվեն:
– Նկատի ունեք դատական իշխանությունը և՞ս անցնի այն քաղաքական ուժին, որը մեծամասնություն է օրենսդիրում և գործադիրում:Եթե առաջնորդվում ենք այն կանխավարկածով, որ օրվա քաղաքական իշխանությունը պետք է իշխանություն լինի նաև դատարանում, ապա պետք է ազնիվ լինել ու Սահմանադրության մեջ այդպես էլ գրել, որ խորհրդարանական ընտրություններից կամ կառավարություն կազմավորելուց հետո վարչապետը մեկ ամսվա ընթացքում նշանակում է բոլոր դատավորներին. դա կլինի ազնիվ, բայց կլինի մեծագույն սխալ: Դա կլինի իրավական պետության տապանաքարը: Դատական իշխանության անկախությունն առաջին հերթին քաղաքական անկախությունն է, անկախ օրվա քաղաքական իշխանություններից: Հենց դրանով է պայմանավորված, որ դատավորների լիազորությունների ժամկետները շատ ավելի երկար են, քան նրանց նշանակող մարմնի լիազորությունների ժամկետը, և ամենակարևորը` դատավորները անկախ են, քանի որ ի տարբերություն քաղաքական իշխանության ներկայացուցիչների, դատավորներին քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատել չի կարելի:Հարցն ունի այլ ասպեկտ: Տեսեք, կայացած իրավական, ժողովրդավարական պետություններում, որտեղ իշխանափոխությունը սովորական երևույթ է, որևէ մեկի մտքով չի անցնում քաղաքական իշխանության գալուն պես փոխել ողջ դատական համակարգը: Դուք պատկերացնու՞մ եք` այդ դեպքում ինչ կկատարվեր: Սակայն նորանկախ երկրներում կամ հետխորհրդային երկրներում քաղաքական իշխանափոխության արդյունքում դատական իշխանափոխության դրսևորումներ կան: Դա առկա է եղել Վրաստանում, Ուկրաինայում, Չեխիայում, Ալբանիայում և մի շարք այլ երկրներում: Ակնհայտ է, որ այդ արագ փոփոխությունների փորձն այս երկրներում ոչ միայն առկա խնդիրները չի լուծել, այլ երբեմն հանգեցրել է ավելի բարդ, անգամ անլուծելի խնդիրների:
Եթե օրվա քաղաքական իշխանության նպատակը դատական իշխանությանն իրեն հնազանդեցնելն է կամ ժողովրդահաճո քայլեր կատարելը, ապա վստահեցնում եմ` երկարաժամկետ ապագայում դա փակուղային ու հետընթացի ճանապարհ է: Եթե խնդիրը դատական իշխանության բարեփոխումն է, ապա այստեղ տեղին է հին չինական իմաստնությունը՝ «դանդաղ շտապիր» կամ «անհանգստացիր հերթականությամբ»: Այստեղ հավասարակշռված, կշռադատված, խորը ուսումնասիրված քայլերի, գործողությունների ամբողջություն է անհրաժեշտ, որում շատ կարևոր է հենց դատական իշխանության ներգրավվածության հարցը: Բոլորին թվում է, թե իրենք գիտեն դատական իշխանությունում առկա խնդիրների լուծման բանալին: Վստահեցնում եմ` դատավորներից լավ այդ խնդիրների լուծման բանալին ոչ ոք չգիտի:
– Օրեր առաջ մի խումբ մարդիկ հավաքվել էին նաև Սահմանադրական դատարանի առաջ, ինչի՞ց էին նրանք դժգոհ:
– Ես ինքս մեծ ցանկություն ունեմ իմանալու, թե հավաքվածներն ընդհանրապես Սահմանադրական դատարանի ո՞ր որոշումներից էին դժգոհ և, մասնավորապես, իմ պաշտոնավարման ընթացքում ընդունված ո՞ր որոշումներից էին դժգոհ: Կցանկանայի նաև իմանալ` Սահմանադրական դատարանի առաջ հավաքված անձանցից քանի՞սն էին իրավաբան, քանի՞սն էին ՍԴ որևէ որոշում կարդացել ընդհանրապես: Իսկ եթե դժգոհ չեն կամ իրավաբան չեն, ապա կարո՞ղ եմ ես արդյոք մտածել, կամ օբյեկտիվորեն մարդկանց մոտ կարո՞ղ է նման տպավորություն ստեղծվել, որ այդ հավաքի նպատակը ոչ թե նախորդ որոշումներից դժգոհելն էր, այլ ապագա ընդունվելիք որոշումների վրա ազդելը: Եթե այդպես է, ապա դա հանցագործություն է, եթե որևէ մեկը մտածում է, որ իմ կամ Սահմանադրական դատարանի այլ դատավորների վրա նման կերպ կարող է ազդել, ապա մեծապես սխալվում է: Սահմանադրական դատարանի դատավորները նման դրսևորումներից ճնշվողը չեն, իզուր ջանքեր մի գործադրեք, նման վարքագիծը լավ տեղ չի տանելու: Ես չեմ պատրաստվում խորհրդակցական սենյակի պատուհանից նայել, թե բակում քանի մարդ կա հավաքված, ու որ մասը` ինչ որոշում է ուզում, որ ընդունեմ: Որոշում կայացնելիս ես և դատարանի մյուս դատավորները մեկ տեղ ունենք նայելու` Սահմանադրությանը: Բացի Սահմանադրությունից, այլ տեղ նայելու իրավունք չունենք, այլ տեղ նայելը իրավական պետության վերջն է, այլ տեղը, միգուցե, ժամանակի կարճ հատվածում դատարանի դիմացը հավաքվածների մի մասի հարգանքին արժանանալն է, սակայն երկարաժամկետ առումով այդ նույն ժողովրդի շահերի ոտնահարում է, եթե չասեմ դատավարություններ, բախումներ: Ի վերջո, ժողովրդի հավաքական կամքի արտահայտման այլ ձև, քան հանրաքվեն է, ինձ հայտնի չէ:
– Ինչպե՞ս եք վերաբերվում դատարանների դռները փակելուն:
– Հաշվի առնելով, որ տարբեր գնահատականներ կան, որակումներ կան, այդ թվում` իրավական որակումներ, որոնք կարող են դառնալ նաև Սահմանադրական դատարանի քննության առարկա, ես ձեռնպահ կմնամ գնահատական տալուց, ուղղակի կասեմ, որ դատարանների դռները փակել չի կարելի, անթույլատրելի է, և որ դա ինձ համար նման էր վատ երազի. հուսով եմ, որ այն այլևս երբեք չի կրկնվի: – Իսկ ինչպե՞ս վարվել վատ դատավորների հետ:– Կաշառակեր դատավորներին՝ դատապարտել ազատազրկման, կողմնապահ դատավորներին, իրենց գործը չիմացող դատավորներին՝ հեռացնել համակարգից, սխալ թույլ տված դատավորին՝ սխալի չափով պատժել: Վստահեցնում եմ, որ այս հարցում օրվա իշխանություններն ավելի լավ դաշնակից, քան ազնիվ, անաչառ դատավորներն են, չունեն:
– Ինչպե՞ս եք վերաբերվում անցումային արդարադատությանը, վեթինգին:
– Ցանկացած նոր ինստիտուտ պետք է համապատասխանի Սահմանադրությանը: Պատահական չէ, որ բոլոր փորձագետերը, բոլոր մասնագիտացած միջազգային կազմակերպությունները միաբերան պնդում են, որ բոլոր քայլերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Ավելին՝ այս փուլում չեմ կարող ասել, քանի որ գրեթե վստահ եմ, որ այդ կարգավորումները մի օր դառնալու են Սահմանադրական դատարանի քննության առարկա: Ուզում եմ ավելացնել միայն, որ, իմ կարծիքով, մեր Սահմանադրությունը դատական իշխանության ոլորտում առկա խնդիրների լուծման համար ունի չիրացված բավականին մեծ ռեսուրս, և մինչ նոր ինստիտուտների կիրառումը, կարծում եմ, լավ կլիներ այդ ողջ պոտենցիալը օգտագործել և չհաջողելու պարագայում նոր միայն փորձել գտնել նոր գործիքակազմեր: Միջազգային փորձագետները պնդում են, իսկ միջազգային փորձը վկայում է, որ վեթինգը ծայրահեղ միջոց է, ու այն կարող է կիրառվել, երբ մնացած գործիքակազմերն ի զորու չեն այլևս առկա խնդիրները լուծելու: Ես հակված եմ կարծելու, որ Հայաստանում դատավորների նկատմամբ վեթինգ չի կիրառվելու: Կարծում եմ, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները կատարելագործելու, ապագա հակակոռուպցիոն հանձնաժողովի ողջ ներուժն արդյունավետ օգտագործելու ճանապարհով:
– Ինչպե՞ս վարվել այն դատավորների հետ, որոնք նախորդ իշխանություններին ծառայություններ են մատուցել:
– Եթե ծառայություններ մատուցել ասելով նկատի ունեք իշխանության այս կամ այն ներկայացուցչի հրահանգով, պատվերով ապօրինի դատական ակտ կայացնելը, ապա թե՛ դատավորին և թե՛ պատվիրատուին բռնել ու դատել: Բայց բռնել, ապացուցել, հաստատել ու նոր դատել: Ընդհանրացումներն այստեղ տեղին չեն: Հիշենք, որ ամեն մի դատավոր անհատ է, ունի իր անձնական կյանքը: Բոլորին նույն կաթսան գցելու փորձը վտանգավոր է: Կարծում եմ` վտանգավոր է նաև մի ողջ համակարգ անվանել նախորդ իշխանությունների մնացորդ, այդ դեպքում նույն հաջողությամբ նախորդ իշխանության մնացորդ կարելի է անվանել ոստիկանությանը, դատախազությանը, քրեակատարողական ծառայությանը, դիվանագիտական կորպուսը, քննչական մարմիններին և այլն. դա, կարծում եմ, սխալ է: Վստահեցնում եմ` դատավորների մեջ կան մեծ թվով լուսավոր, հայրենասեր, իրենց գործի նվիրյալ մարդիկ, ու այդ մարդիկ մեծամասնություն են կազմում:
– Արդյոք Արամ Օրբելյանը Ձեր սանի՞կն է, եթե այո, ապա այն փաստը, որ նա Ռոբերտ Քոչարյանի դատապաշտպանն է, չի՞ ազդի Ձեր դիրքորոշման վրա:
– Այո՛, Արամ Օրբելյանն իմ սանիկն է, ես իր և՛ մկրտության, և՛ պսակադրության քավորն եմ: Արամը, իր ընտանիքի մյուս անդամներն ինձ շատ հարազատ մարդիկ են, այդքանը: Արամ Օրբելյանը այս գործում նշանակություն, ազդեցություն չի կարող ունենալ, այնպես, ինչպես որևէ մեկը չի կարող ունենալ, այդ թվում՝ հայրս ու մայրս, կինս, երեխաններս: Այն պահին, երբ անձնական կյանքս, ընկերներիս, հարազատներիս չկարողանամ տարանջատել դատավորի անաչառ լինելու պարտականությունից, մեկ րոպե անգամ չեմ աշխատի որպես դատավոր: Ի վերջո, իմ անաչառությունը առաջին հերթին իմ ընտանիքին, իմ հարազատներին է պետք: Հայաստանը փոքր երկիր է, իրավական հանրությունում շատերն են իրար ընկեր, բարեկամ, իսկ մենք էլ այլ երկրներից դատավորներ չենք կարող ներմուծել (ժպտում է – Հեղ.), ուստի յուրաքանչյուր դատավոր պետք է տարանջատի ընկեր-բարեկամն իր պարտականությունից՝ արդարադատություն իրականացնելիս: Ցավով եմ արձանագրում, որ հանրային ընկալման մեջ մեղադրյալն ու վերջինիս պաշտպանները առավելապես նույնականացվում են, և մեղադրյալի նկատմամբ հանրության կարծիքը, վերաբերմունքը սկսվում է տարածվել նաև դատապաշտպանների վրա. սա անընդունելի է, պետք է հստակ տարանջատել մեղադրյալի շահը վերջինիս պաշտպանների շահից:Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի քավորն էլ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ է, մյուսի բարեկամուհին՝ քաղաքապետ, մյուսը նշանակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Այս ամենը Սահմանադրական դատարանի դատավորների համար գործը քննելիս ոչ թե երրորդական հանգամանք են, այլ ընդհանրապես հանգամանք չեն:
– Դատավորների միությունն այս ժամանակահատվածում երկու հայտարարություն է արել, Դուք համաձա՞յն եք այդ հայտարարությունների հետ:
– Փոքրիկ, միգուցե խմբագրական վերապահումներով, լիովին կիսում եմ այդ հայտարարությունների բովանդակությունը:
– Իշխանության բոլոր ճյուղերին էլ քննադատում են, ինչո՞ւ են դատավորներն այդքան ցավագին տանում իրենց հասցեին արված քննադատությունը:
– Քաղաքական իշխանությունը մեկ քաղաքական թիմ է, անգամ, երբ այն կոալիցիոն է, և անկախ այն հանգամանքից, թե այդ իշխանության որ օղակն է թերացել, քաղաքական իշխանությունը կոլեկտիվ պատասխանատվություն է կրում, ուստի ընդհանրական քննադատությունը գործադիր կամ օրենսդիր իշխանության հասցեին միանգամայն հասկանալի է: Նույնը չի կարելի ասել դատական իշխանության վերաբերյալ, քանի որ այստեղ չկա ու չի կարող լինել քաղաքական թիմ, քաղաքական ընդհանուր պատասխանատվություն, այստեղ յուրաքանչյուր դատավոր անկախ է նաև մնացած դատավորներից, և պատասխանատվությունը անհատականացված է, դատավորը չի կարող պատասխանատվություն կրել այլ դատավորի գործողությունների համար, չի կարող նաև քննադատվել մյուսի քայլերի համար: Մյուս կողմից, եթե քաղաքական իշխանության նկատմամբ քաղաքական ճնշումներն օրինական գործիք են, ապա նույնը չի կարելի ասել դատական իշխանության պարագայում, միանգամայն հստակ այդ մասին ասված է դատավորների միության հայտարարության մեջ. «Հասարակության անդամները պարտավոր են հարգել դատավորի անկախության սկզբունքը և դատավորի կամ վերջինիս կայացրած դատական ակտերի վերաբերյալ իրենց քննադատությունը կառուցել այնպես, որ այն չվերածվի դատավորի նկատմամբ քողարկված ճնշումներ կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցի»:Լիովին կիսում եմ նաև Դատավորների միության հայտարարությունում արված այն պնդումը, որ բոլոր հանրային պաշտոնատար անձանց շարքում դատավորներին տրված է իրենց հեղինակության ամենաբարձր պաշտպանությունը, իսկ նրանց հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները: Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դատավորներն ի պաշտոնե չունեն իրենց հանդեպ հնչող քննադատությանը պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմ: Այսինքն՝ դատավորներն այնպիսի պաշտոնատար անձինք են, որոնք իրավասու չեն պատասխանելու իրենց ուղղվող քննադատություններին: Դատական իշխանությանը քննադատելուց առաջ, կարծում եմ, պետք է լուծել մի շարք հարցեր: Առաջին հերթին պետք է լուծել դատավորների գերծանրաբեռնվածության խնդիրը, ես դժվար եմ պատկերացնում այն դատավորի վիճակը, ում վարույթում մի քանի տասնյակ քրեական գործեր են, մի քանի հարյուր քաղաքացիական գործեր կամ հազարի հասնող վարչական գործեր: Մենք պետք է անդրադառնանք նաև դատավորների սոցիալական երաշխիքներին, գործադիր իշխանության տարբեր մարմիններ, ինչպես տեսանք, միլիոն դրամների հասնող պարգևավճարներ են կարողանում տալ, ես դրան դեմ չեմ, բայց ինչպե՞ս դա բացատրել դատավորին, որը, կարող է պարզվի, մեկ այլ մարմնի քարտուղարուհուց ցածր եկամուտ ունի:
– Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշ դատավորներ հայտարարություն էին տարածել՝ կապված Ձեր երկու որոշումներում արված գնահատականների հետ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
– Երբ կարդում ես մամուլը, կամ երբ Դուք օգտագործում եք Ձեր որոշումը, այլ ոչ թե Սահմանադրական դատարանի որոշումը, սխալ տպավորություն եք ստեղծում, որ կարծես Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանն է: Ասեմ, որ դա թյուր կարծիք է: Ես Սահմանադրական դատարանի դատավորներից մեկն եմ, և իմ քվեարկության կշիռը հավասար է առանձին վերցված յուրաքանչյուր դատավորի քվեարկության կշռին և ոչ ավելին: Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է:Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա այնպես չէ, որ այս երկու ատյանները այլ երկրներում հաշտ ու խաղաղ են ապրում և տարաձայնություններ չունեն, բայց ինձ հայտնի չէ որևէ երկիր, որևէ դեպք, երբ այդ, այսպես ասած, «կռվում» հաղթողը Սահմանադրական դատարանը չլինի: Սահմանադրական դատարանի աշխատակազմն այդ հարցի կապակցությամբ հաղորդում տարածել է, ուստի ես ձեռնպահ կմնամ մյուս դատարանների դատավորների հայտարարությունները մեկնաբանելու կամ դրա մասին կարծիք հայտնելու գայթակղությունից:Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտվում են հատկապես Սահմանադրության նորմերի վերաբերյալ իրավական դիրքորոշումներ, այլ ոչ թե գնահատական է տրվում որևէ դատավորի վարքագծին կամ մասնագիտական որակներին: Հետևաբար` դա որևէ կերպ ողջամտորեն չպետք է ընկալվի որպես որևէ դատավորի հեղինակազրկում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը