27 05 2019

Թող վեթինգի էլ ենթարկվեմ, ինչ ուզում են թող անեն. Վազգեն Ռշտունի

Թող վեթինգի էլ ենթարկվեմ, ինչ ուզում են թող անեն. Վազգեն Ռշտունի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում «Դատավորների միությունը» ժողով է հրավիրել։ Նախքան ժողովի մեկնարկելը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին պատասխանեց լրագրողների հարցերին: Նա անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոխման որոշումները իր հետ կապելուն։

«Եթե առաջին անգամ տրամաբանորեն կարող էին կապել ինձ հետ, քանի որ գործը քննվում էր Վերաքննիչ դատարանում, ինչ–որ տեղ կարելի էր հասկանալ, որ մարդիկ կարող էին որոշակի հետեւություններ անել՝ հաշվի առնելով որ ես հանդիսանում եմ Վերաքննիչ դատարանի նախագահ, բայց այս դեպքում չեմ կարողանում հասկանալ, քանի որ ես գործը քննող դատավորին չեմ ճանաչում, ճանաչում եմ որպես դատավոր, մտերիմ հարաբերություններ չունեմ նրա հետ, թե միջնորդավորված, թե ուղղակի կամ անուղղակի կապի մեջ չեմ եղել»,–նշեց նա։

Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է իր անունը շոշափվում՝ նա պատասխանեց. «Գուցե մարդիկ կան, որոնց խանգարում եմ»։

Հարցին, թե ինքը ում է խանգարում, իրեն կապո՞ւմ են նախորդ իշխանությունների հետ, Ռշտունին պատասխանեց.

«Նախկին իշխանության հետ բոլորին կարող են կապել, որոնք աշխատում են դատավոր եւ նշանակվել են, օրինակ, 1 տարի առաջ, ես էլ եմ այդ ժամանակ նշանակվել, 10 տարուց ավելի դատավոր եմ աշխատում, հիմա եթե ինձ կապում են, որովհետեւ այն ժամանակ դատավոր եմ աշխատել, կարող են կապել, իսկ ինչ վերաբերում է նրան, թե ես շահագրգռվածություն ունեմ այդ գործով, այդ դեպքում կարծում եմ՝ մեր ուժային կառույցները եթե ունեն տեղեկություն իմ շահագրգռվածության, գործերի վրա ազդելու մասին, խնդրեմ թող օգտագործեն»։

Դատարանի նախագահի կարծիքով՝ իրենք ամեն օր են վեթինգի ենթարկվում.

«Մենք ամեն օր վեթթինգի ենք ենթարկվում ։ Եթե խոսքը դատական համակարգը առողջացնելու մասին, միգուցե նստենք մտածենք, թե ինչ քայլեր կարելի է անել, որ դատական համակարգն ավելի լավ աշխատի։ Բայց ես որքանով որ հասկանում եմ, վեթինգի իմաստը որոշելն է, թե որ դատավորը կարող է աշխատել, որ դատավորը չի կարող աշխատել որպես դատավոր»։

Ռշտունին վստահեցրեց՝ երբևէ իր դատական գործունեությունը չի օգտագործել իմ կամ իմ ընտանիքի համար որեւէ նյութական արժեք որեւէ օգուտ ձեռք բերելու համար. «Ես երբևէ իմ գործունեությունը չեմ օգտագործել իմ կամ իմ ընտանիքի համար որևէ նյութական արժեք որևէ օգուտ ձեռք բերելու համար։ Եթե կան տվյալներ, որ դատավոր աշխատելու տարիներին ես որեւէ օգուտ եմ ստացել, թող վեթինգի էլ ենթարկվեմ, ինչ ուզում են թող անեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ