30 04 2019

Ռոբերտ Քոչարյանի գործից խուսափած 2 դատավորի գործը քննել են

Ռոբերտ Քոչարյանի գործից խուսափած 2 դատավորի գործը քննել են

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ կարգապահական հանձնաժողովը ներկայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորներ` Նելլի Բաղդասարյանի, Հարություն Մանուկյանի և Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված վարույթների հարցով 3 միջնորդություն, որոնց համաձայն՝ վերոնշյալ դատավորները տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էին քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։

Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ միջնորդություններից 2-ը քննվել է, իսկ 1-ը դատավորի խնդրանքով 5 օրով հետաձգվել է Միաժամանակ դատավորը միջնորդություն է ներկայացրել նաև, որ նիստն անցկացվի դռնփակ։

Դատավորների վերաբերյալ կայացված որոշումների վերաբերյալ հարցին Գագիկ Հարությունյանը պատասխանեց՝ եթե կա էական խախտում, ընդհուպ հնարավոր է դադարեցնել դատավորի լիազորությունները։

«Եթե կա ապացուցված կոպիտ խախտում, եթե դատավորի գործողությունները կամ անգործությունը դատական իշխանությանը վարկաբեկում են, այս դեպքում ԲԴԽ-ն կարող է 3 որոշումներից մեկը կայացնել՝ խիստ նկատողություն, նկատողություն և զգուշացում: Սրանք իրավական բովանդակություն ունեն: Խիստ նկատողության դեպքում, եթե նորից կարգապահական խախտում եղավ, ապա լիազորությունները դադարեցնելու պահանջ կարող է ներկայացվել, եթե նկատողությունից հետո երկու տարվա ընթացքում կրկնվեց, ապա այս դեպքում ևս կարող է ներկայացվել լիազորությունները դադարեցնելու պահանջ: Եթե չկրկնվեց, ապա դուրս է գալիս: Այստեղ ամեն ինչ պարզ է, Խորհրդին մնում է ներկայացված միջնորդության հիմնավորումները գնահատել, բաղդատել օրենքների դրույթների հետ, տեսնել՝ արդյոք խախտումները առկա են, թե ոչ»,– ասաց ԲԴԽ նախագահը:  

ԲԴԽ-ն կարող է նաև մերժել Կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը: Գագիկ Հարությունյանը հավելեց, որ Հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցել արդարադատություն իրականացնելուց խուսափելու պատճառաբանությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ