10 04 2019

Մտնելու ենք դատական պրոցես՝ ի սկզբանե անհավասար պայմաններում. Հայկ Ալումյան



Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքի քննությունը ավարտվել է։ Դատարանը վճիռը կհրապարակի ապրիլի 11-ին, ժամը 12:30-ին: Նիստի ավարտից հետո պաշտպաններից Հայկ Ալումյանը ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել:

«Այսօր դատարանում չհնչեց մի բան, որը չէր արվել մինչև հիմա: Դատարանն ուշադիր բոլոր փաստարկները լսել է, որոշ ճշտումներ է արել: Ինչ վերաբերում է տեսակցություններին, ապա Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակը զրկված է տեսակցության հնարավորությունից:

Մեզ մոտ առանձնապես դատարաններին չի հետաքրքրում, թե գործը ինչ փուլում է գտնվում, նրանք համարում են, որ եթե խոչընդոտելու հավանականությունը կա, ապա դա միշտ կա: Եվրոպական դատարանի վճիռներով հստակ նշված է, որ առաջին կալանքի քննության ժամանակ խոչընդոտելու հավանականությունը մեծ դեր է խաղում, բայց հետագա փուլերում այդ հանգամանքը կորցնում է իր կարևոր նշանակությունը: Կան եվրոպական շատ երկրներ էլ, որտեղ գործի ընթացքին խոչընդոտելու հավանականությունը ընդհանրապես անձին կալանավորելու հիմքերի մեջ չի մտնում:

Մեր ժամկետը չեն ավելացրել, հնարավոր չէ 50 օրվա մեջ 76 հատոր նյութին ծանոթանալ, բայց այս պահի դրությամբ մոտ 70 տոկոսին գործի ծանոթ եմ: Միակ միջնորդությունը, որ ներկայացրել ենք, դա լրացուցիչ ժամկետն է, որ գործին ծանոթանանք, բայց դա մերժվել է, դատախազին բողոքարկել ենք, մերժվել է: Մտնելու ենք դատական պրոցես, ի սկզբանե անհավասար պայմաններում, որովհետև դատախազները գործի մանրամասներին ծանոթ են հունիս ամսից, իսկ մենք ընդամենը 50 օր ունենք: Հնարավոր է, որ մինչև մայիսի կեսը դատավարությունը մեկնարկի, եթե գործն արդեն ուղարկվել է դատախազություն:

Ցուցմունքների մեջ կար մի հատ ցուցմունք, որ փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վաղվանից մտցնում ենք արտակարգ դրություն, որն իհարկե անհեթեություն է, հետո պարզվում էր, որ դրանից բացի կար մի 12 ցուցմունք, որ նման բան չի եղել, բայց դրանք դատարանին չեն ներկայացվել: Ինչ-որ մի նյութ թաքցնելով մինչև հիմա փորձ են անում հասնել նրան, որ պարոն Քոչարյանը մնա կալանքի տակ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ