29 03 2019

Գոռ Հովհաննիսյանը լավագույնս կկարողանա կատարել իր պարտականությունները. Պրոֆեսոր Բատիս. Aysor.am

Գոռ Հովհաննիսյանը լավագույնս կկարողանա կատարել իր պարտականությունները. Պրոֆեսոր Բատիս. Aysor.am

Հայաստանի Խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկի ապրիլի 16-ի հերթական նիստում: Ինչպես հայտնի է, այդ պաշտոնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Գերմանիայի Հագենի Համալսարանի դոցենտ, Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի դոկտոր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Aysor.am-ի հետ զրույցում Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր, ներպետական իրավունքի հայտնի մասնագետ Ուլրիխ Բատիսը և անվանի պրոֆեսոր, Գերմանիայի Ռեգենզբուրգի համալսարանում դասավանդող իրավագետ Ալեքսանդր Գրազերը ներկայացրեցին իրենց դիտարկումները ՍԴ դատավորի պաշտոնում իրենց նախկին ուսանողի թեկնածության վերաբերյալ:

Պրոֆեսոր Ալեքսանդր Գրազերը Aysor.am-ի հետ զրույցում ասել է, որ տևական ժամանակ է՝ հետևում է Հայաստանում սահմանադրական իրավունքի ու իրավական բարեփոխումների ընթացքին և շատ ուրախ է, որ նախագահ Սարգսյանը որոշել է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել իր լավագույն ուսանողի՝ դոկտոր Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։

«Ինչ վերաբերում է Գոռի հետ իմ հարաբերություններին` մենք գրեթե մեկ տասնամյակ արդեն ծանոթ ենք։ Նա տարբերվում է բոլորից` ոչ միայն որպես փայլուն իրավաբան, բայց նաև քաղաքավարի ու հասուն մարդ», - նշել է նա: Պրոֆեսոր Գրազերի խոսքով՝ Գոռ Հովհաննիսյանը բացառիկ որակավորում ունի ՍԴ դատավորի պաշտոնի համար։

«Դոկտոր Հովհաննիսյանը սահմանադրական իրավունքի ոլորտում ունի գերազանց փորձագիտական գիտելիքներ։ Հաշվի առնելով ձեր երկրի Սահմանադրական դատարանում նրա նախկին աշխատանքը` նա արդեն իսկ ներսից ծանոթ է այդ կառույցին։ Նաև նրա փորձառությունը գերմանական իրավունքի ոլորտում կարևոր առանձնահատկություն պետք է դիտարկվի։ Մեր երկրի լավագույն դատավորները նրանք են, ովքեր ունեն համեմատական իրավագիտության հավելյալ գիտելիքներ`սեփական երկրի դատական համակարգում աշխատելու համար։ Գոռը իմ իմացած ամենաուղղամիտ մարդկանցից է։ Նա չունի օպորտունիզմի ոչ մի մասնիկ իր էության մեջ։ Սա հազվագյուտ որակ է` հատկապես իրավաբանների շրջանում, և կարևոր հատկանիշ է սահմանադրական դատարանի դատավորի համար», - ասել է պրոֆեսորը:

Հումբոլտի համալսարանի պրոֆեսոր Ուլրիխ Բատիսը նշել է, որ թեև պատրաստակամ է ընտրվելուց հետո մասնագիտական խորհրդատվություն տրամադրել Գոռ Հովհաննիսյանին, սակայն կարծում է, որ նա դրա անհրաժեշտությունը չի ունենա, քանի որ կայացած մասնագետ է:

«Գոռը իմ ուսանողն է եղել։ Հիշում եմ, նա շատ լավ հանձնեց իր դոկտորական քննությունը։ Իր ատենախոսությունը նա գրել էր Հայաստանի ու Գերմանիայի սահմանադրական դատարանների մասին։ Նրա թեզի մեջ դուք կարող եք գտնել բավական հետաքրքիր առաջարկներ երկու երկրների սահմանադրական դատարանների վերաբերյալ ու մասնավորապես այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել երկու երկրների սահմանադրական դատարանների իրավական գործունեությունների շրջանակը», - ասել է պրոֆեսորը:

Պրոֆեսոր Բատիսը  համոզմունք է հայտնել, որ ՍԴ դատավորի թեկնածուն լավագույնս կկարողանա կատարել իր պարտականությունները, քանի որ նախքան Գերմանիայում ուսանելը, աշխատել է Հայաստանի Սահմանադրական դատարանում և մեծ փորձ ունի այդ ոլորտում: «Գերմանիայում ուսանելուց հետո Գոռը  շատ լավ տիրապետում է թե՛ տեսական, թե՛ գործնական հարցերին։ Նաև այդ պատճառով նրա ատենախոսությունը լավ էր ստացվել, քանի որ գիտագործնական բնույթ ուներ», - հավելել է Ուլրիխ Բատիսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ