Մեկ օրում ռուս սահմանապահները կանխել են Հայաստան թմրանյութի ներկրման երկու դեպք։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ ՍՎ մամուլի ծառայությունը։
Անցած հանգստյան օրերին «Ագարակ» անցակետում ծառայություն իրականացնելիս, պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների եւ անձանց ստուգման ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները կասեցրել են Հայաստանի տարածք թմրանյութի ապօրինի ներկրման երկու դեպք։
Առաջին դեպքում ծառայողական շունը հայտնաբերել է արգելված նյութերը տրանսպորտային միջոցի սրահում, իսկ երկրորդ դեպքում՝ տաբատի հատուկ կարված գրպանում։
Երկու դեպքում էլ թմրանյութերը փորձել են անցկացնել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, նրանց խոսքից հետեւում է, որ նրանք գալիս էին Հայաստան հանգստյան օրերն անցկացնելու՝ կապված Իրանի Նոր տարվա (Նովրուզի) հետ։
Առգրավված նյութերն ուղարկվել են փորձաքննության։ Ներկայում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները համալիր միջոցառումներ են իրականացնում միջադեպերի հանգամանքները պարզելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը