15 03 2019

Մարտի 1-ի գործով նախաքննական գաղտնիք է հրապարակվել․ հայտարարություն

Մարտի 1-ի գործով նախաքննական գաղտնիք է հրապարակվել․ հայտարարություն

ՀՔԾ-ն մարտի մեկի գործի վերաբերյալ հայտարարություն է տարածել։

«Մարտի 1-ի քրեական գործից անջատված մասով մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով` վարույթն իրականացնող մարմինն այդ մասին հայտնել է կողմերին և նրանց տրամադրել գործի նյութերը: Դրանից հետո զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար հրապարակվում են հիշյալ քրեական գործով նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Մասնավորապես, 2019թ.-ի մարտի 14-ին և 15-ին Ժողովուրդ օրաթերթը հրապարակել է կամ, հենց հիշյալ լրատվամիջոցի բնորոշմամբ, օրաթերթի ձեռքում են հայտնվել ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի և ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից որոշ հատվածներ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի համաձայն` քրեական գործի նախաքննությունն ավարտվում է մեղադրական եզրակացություն (...) կազմելով: Այս առնչությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ մինչ նախաքննության ավարտը քրեական դատավարության կողմերը չեն կարող նախաքննական գաղտնիքը բացահայտող տեղեկություններ հրապարակել կամ փոխանցել այլ անձանց, այդ թվում` լրատվամիջոցների ներկայացուցիչներին, քանի որ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի  342-րդ հոդվածի, առանց քննիչի, դատախազի կամ հետաքննություն կատարող անձի  թույլտվության՝ քրեական գործին առնչվող նախաքննության տվյալները հրապարակելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության:

Վերոգրյալը հաշվի առնելով` լրատվամիջոցներին խնդրում ենք զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում հասանելի դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից»,- նշվում է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ