Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի մարտի 15-ին, ժամը 15-ին։
Դատական նիստից հետո փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին ասաց, որ ելույթով է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանը և նշել, թե ինչ է տեղի ունեցել 2008թ․ փետերվարի 19-ից մարտի 2-ը։
«Փաստակները, որ մենք ենք ներկայացնում, բավականին ծանրակշիռ են։ Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, չեմ կարող ասել»,- ասաց Ալումյանը։
Նա նաև նշեց, որ երկրորդ նախագահին ներկայացված մեղադրանքը փետրվարի 12-ին էապես փոխվել է, և փաստաբանների փաստարկներին նորերն են գումարվել։
«Արդեն նախաքննությունն ավարտվել է, այսինքն քննիչը հայտարարել է, թե այլևս ապացուցներ չունի հավաքելու։ Եթե արդեն արվել են, ուրեմն գործի քննությանը խոչնդոտնելու հավանականությունը, որ այն ժամանակ էլ չկար, այժմ զրոյի է հավասար, ուրեմն ինչի՞ն կարելի է խոչնդոտել»,- ասաց փաստաբան Ալումյանը։
Փաստաբանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է նաև կաշառքի վերաբերյալ մեղադրանքին ևս՝ նշելով, որ նման բան լինել չէր կարող, դա բացարձակ սուտ է։
«Բացարձակ անհիմն մեղադրանք է, մենք այդ նյութերն էլ վերլուծեցինք, որի հիման վրա նախաքննական մարմինը փորձում է ցույց տալ, թե կա ողջամիտ կասկած, որ էդպիսի դեպք է տեղի ունեցել։ Մանրամասն վերլուծվեց դա։ Թե դատարանը մեր ու մյուս կողմի փաստարկների վրա ինչ հետևություն կանի, վաղը կտեսնենք»,- ասաց Հայկ Ալումյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը