Սեդրակ Քոչարյանը, խոսելով իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, ասել է․«Նիկոլ Փաշինյանը վաղուց է սևեռված մեր ընտանիքի վրա, դեռևս լրագրողական գործունեության տարիներից։ Իսկ հատուկ ուժգնությամբ՝ այն պահից, երբ բախումներ սադրելով փախավ մարտիմեկյան հրապարակից՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով բախտի քմահաճույքին»։
«Քաղաքագիտական և բարոյական տեսանկյունից դուրս է, որ ամբողջ իշխանությունը չհիմնավորված մեղադրանքներով սևեռվում է մի ընտանիքի վրա: Այս պահին անձնական վրեժխնդրություն կա Քոչարյանների ընտանիքի հանդեպ, մանավանդ, երբ Սեդրակ Քոչարյանը իր հայտարարության մեջ ներկայացրել էր, որ դեռևս լրագրողական տարիներից Նիկոլ Փաշինյանը տրամադրված է եղել Քոչարյան ընտանիքի հանդեպ»,-նման տեսակետ է հայտնել «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը։
Հասարակական ընկալումներն էլ Սեդրակ Քոչարյանի գործի մասով միանշանակ չեն։ Շատերի համար այն նման է պատանդառության. նպատակը՝ ստիպել Ռոբերտ Քոչարյանին խոսել։ Ու եթե իշխանություններն իրականում նման մոտիվացիա են ունեցել, ապա չափազանց մեծ սխալ են գործել։
Սա չափազանց նուրբ սահման է, որը ցանկացած իշխանություն պետք է գիտակցի։ Առնվազն բարոյական չէ որևէ մեկի հետ հաշվիներ մաքրել նրա երեխաների միջոցով։ Միայն մարդկային բարոյականության հատակում գտնվողը կարող է նման որոշում կայացնել։ Հասարակության համար ևս այս հարցը պետք է շատ կարևոր լինի, սա հասարակական բարոյականության սահման է, որը չպետք է խախտվի։ Հակառակ պարագայում մենք կունենանք հասարակական մի միջավայր, որտեղ կարող են պատժել երեխաներին իրենց ծնողների արածների կամ չարածների համար։ Փաշինյանի իշխանությունը վատ տեղ տանող դուռ է բացում, որը բացվելուց հետո այլևս փակել չի լինի։ Փաշինյանը պետք է կանգ առնի, քանի դեռ դուռը կիսաբաց է, և դեռ փակելու շանսը կորցված չի լինի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը