Փետրվարի 18-ին՝ ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայող և հայտնել, որ «Արմենիա» ՀԲԿ-ից փախուստի է դիմել բուժման մեջ գտնվող, կալանավոր 1974 թ. ծնված Հայկ Գալստյանը:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Հ. Գալստյանը նշված ՀԲԿ 2-րդ հարկում գտնվող հիվանդասենյակից, սավանով կախվելով, դիմել է փախուստի:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի և Արաբկիրի բաժինների և ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, համագործակցելով ՔԿՀ աշխատակիցների հետ, իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին՝ ժամը 01.30-ին, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում Հայկ Գալստյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Հայկ Գալստյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Կատարվում է նախաքննություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը