18 02 2019

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դատական համակարգում

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դատական համակարգում

Փետրվարի 18-ին Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև Արդարադատության նախարարը, նրա առաջին տեղակալը, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավա­սու­թյան դատարանի նախագահը:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ  ԲԴԽ նախագահը համառոտ ներկայացրել է դատական իշխանության համակարգում Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից բխող փոփոխությունները, առկա հիմնախնդիրները, Խորհրդի կողմից մշակված՝ «Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» հայե­ցակարգի և դատական իշխանության անկախության երաշխավորման ռազմավարական առաջ­նահերթությունների կենսագործման ուղղությամբ իրականացված ու իրականացվող քայլերը:

Կարևորվել է նախատեսվող աշխատանքները գործակցաբար իրականացնելու և փորձագետների, մամուլի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակ­ցությամբ առանձին հիմնախնդիրների համա­տեղ քննարկումների կազմակերպման անհրաժեշ­տությունը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չափազանց օգտակար է համարել նման ձևաչափով աշխատանքային քննարկումների կազմակերպումը, ներկայացրել իր նկատառումները հրատապ լուծում պահանջող այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են դատական արխիվների թվայնացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրումը, դատավորների սոցիալական անկախության երաշխիքների ամրապնդումը, օրենսդրական բարեփոխումները և այլն:

Խորհրդակցության մասնակիցների առաջարկություններն ամփոփելով՝ դատական իշխանության պաշտոնական կայքում առաջիկայում կտեղակայվի համատեղ քննարկվելիք ռազմավարական ուղղությունների ցանկը՝ ըստ հրատապ, միջնաժամկետ և երկարաժամկետ քայլերի դասակարգման։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ