14 02 2019

Տիգրան Ավինյանն ընդդեմ Politik.am-ի դատական նիստը հետաձգվել է

Տիգրան Ավինյանն ընդդեմ Politik.am-ի դատական նիստը հետաձգվել է

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politik.am կայքէջի խմբագիր Բորիս Մուրազիի՝ մարիխուանայի հայտնի գործով դատական առաջին նիստը։

Politik.am լրատվամիջոցի դեմ գործով դատաքննությունն իրականացնում է Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը։

Դատարանում փոխվարչապետի շահերը ներկայացնող փաստաբան Կարեն Կարապետյանը հաայտարարեց, որ ծանոթ չէր պատասխանող կողմից ներկայացված նյութերին ամբողջ ծավալով։

Իսկ Տիգրան Ավինյանի պահանջը՝ դատարանից և պատասխանող կողմից, մնում է նույնը, ինչը ներկայացված է դատական հայցում։ Բարձրաստիճան պաշտոնյան դատարանից պահանջում է հերքել իր անձի վերաբերյալ զրպարտություն համարվող՝ կայքի հրապարակած տեղեկատվությունը, և փոխհատուցել պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասը: Փոխվարչապետը 2 միլիոն դրամ է պահանջել լրատվամիջոցից:

Պատասխանող կողմի շահերի պաշտպան փաստաբան Արման Գրիգորյանն ի պատասխան պնդեց, որ կայքի հրապարակման համար լրագրողի ձեռքի տակ եղել են բոլոր բավարար հիմքերը տեղեկատվությունը հրապարակելու համար:

Կողմերին լսելուց հետո դատավոր Գ. Բալյանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը և հաջորդ նիստի քննարկման օր նշանակեց մարտի 25-ը։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Politik.am կայքի հիմնադիր խմբագիր Բորիս Մուրազին ասաց, որ ինքը չի կիսում փոխվարչապետ Ավինյանի ընկալումը.

«Մենք չենք համարում, որ մարիխուանա ծխելու մասին մեր հրապարակումը արատավորել է Ավինյանի պատիվն ու արժանապատվությունը։

Նա կարող է նման պնդում իրեն թույլ տալ, եթե հստակ հայտարարեր, որ իր կուսակիցներ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանն անբարոյականության քարոզ են արել, երբ հրապարակային խոսել են մարիխուանայի օգտագործման օրինականացման անհրաժեշտության մասին։ Ինչ վերաբերում է հայցով մեր դեմ ներկայացված ֆինանսական պահանջին, ապա ես կարծում եմ՝ Ավինյանը չի կարողանա մեզանից գումար ստանալ, եթե դատարանի վրա ճնշում չլինի։ Ուստի առաջարկում եմ իրեն՝ պետական միջոցներից գրանտ ստացող իր ընկերության միջոցների հաշվին վճարել լրատվության ֆակուլտետում սովորող ուսանողների վարձերը, որը խոստացել էր անել մեր հաշվին՝ դատարանով գանձելու միջոցով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ