01 02 2019

Մանվել Գրիգորյանը դատի է տվել Սիլվա Համբարձումյանին

Մանվել Գրիգորյանը դատի է տվել Սիլվա Համբարձումյանին

Կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատն ընթացքի մեջ է: Այս մասին փետրվարի 1-ին լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանը նշեց, որ թեև իր պաշտպանյալը շարունակում է պնդել, որ Հայաստանին դատի չի տա, սակայն առողջական խնդիրների հարցով իրենք, այնուամենայնիվ կդիմեն միջազգային դատական ատյանին:

«Մանվել Գրիգորյանն ասել է՝ այդ թեմային էլ չանդրադառնաք, բայց առողջությունը բարձր արժեք է և դրա հետ կապված պետք է բարձրաձայնենք: Գրիգորյանը ՔԿՀ-ում բուժում է ստանում հարազատների կողմից ներկայացված դեղամիջոցներով: Ցավազարկող դեղերի ազդեցության տակ կարողանում է կալանք կրել, նրա շաքարի մակարդակը 25 է, ինչի պայմաններում նրա վիճակը գնալով վատթարանում է»,-ասաց նա:

Լևոն Բաղադասարյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունների օրոք երկրում ընտրովի արդարադատություն է իրականացվում, որն ըստ նրա՝ որոշ գործերով կապված է պետական լիազոր մարմնի քմահաճույքով:

«Պետությունն՝ ի դեմս առաջին դեմքի, որոշակի գործերով դառնում է դահիճ, այսօր ՀՀ-ում փողոցային արդարադատություն է տեղի ունենում:  Փողոցում պարտադրեցին, որ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի, ինչն անթույլատրելի է: Ժողովրդի բերանը գցեցին խտացրած կաթի, զինվորի պայոկի մեղադրանքը, այդ նենգ, զզվելի արարքների մեջ մեղադրելով՝ նրա նկատմամբ հանրային կարծիք ձևավորեցին»,- ասաց նա:

Փաստաբանը նաև նշեց, որ Մանվել Գրիգորյանը դատի է տվել գործարար Սիլվա Համբարձումյանին և պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում: Հայցադիմումը դատարան է ներկայացվել հունվարի 29-ին: Հայցի համար հիմք է հանդիսացել Գրիգորյանի հասցեին Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը անչափահասների հետ կապված հանցագործության մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ