31 01 2019

Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է նախագահին. Aysor.am

Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է նախագահին. Aysor.am

1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին: Այս մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասել են կառավարությունից:

«Հաշվի առնելով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից ներկայացված ներման խնդրագրի շուրջ ծավալված քննարկումները՝ հայտնում ենք, որ Մ.Ենոքյանին ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ ներկայացված բոլոր առաջարկություններն ընդունվել են ի գիտություն։ Վարչապետն օրենքով սահամանված կարգով Մ.Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է Հանրապետության նախագահին», - նշված է պատասխանում:

Aysor.am-ը հետաքրքրվել է նաև՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդունել իրեն հանդիպման խնդրանքով դիմած Միխայիլ Աղաջանովին՝ սպանված Իոսիֆ Աղաջանովի հորը։

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներման խնդրագրի քննարկման այս փուլում հանդիպում կազմակերպելը նպատակահարմար չի համարվել։ Հանդիպման խնդրանքով նոր դիմում լինելու դեպքում այն լրացուցիչ կքննարկվի վարչապետի աշխատակազմում։ Միաժամանակ հայտնում ենք, որ Մհեր Ենոքյանի հարազատները ևս հանդիպելու խնդրանքով դիմել են վարչապետին», - պատասխանել են կառավարությունից:

Հիշեցնենք, որ 1996 թվականին սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն ավելի վաղ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով տասը րոպե ժամանակ գտնել իրեն անձամբ լսելու համար։

Ավելի վաղ Հանրապետության նախագահի աշխատակազմից արձագանքել էին ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցի շուրջ, նշելով, որ նախագահը որևէ առաջարկություն վարչապետից չի ստացել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ