Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերում վիրավորանքն ու ատելության խոսքը, մասնավոր կյանքին միջամտությունը ստանում է համատարած բնույթ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ընդ որում, մտահոգիչ է այն, որ դա արվում է մասնագիտական քննարկումներն ու պաշտոնական իրավական ընթացակարգերը անտեսելու ու հարցադրումներն առավելապես հուզական դիտանկյունից քննարկելու պայմաններում:
Հաշվի առնելով, որ հարցը ստացել է հասարակական լայն արձագանք՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել` անթույլատրելի է, երբ քննարկումը զուգորդվում է հարցի, այդ թվում՝ հանցանքի համար պատիժ կրող անձի, նրա կնոջ, հարցի վերաբերյալ կարծիք հայտնող այլ անձանց նկատմամբ վիրավորանքով եւ նրանց մասնավոր ու ընտանեկան կյանքին շարունակական միջամտությամբ:
Դիտարկումն արձանագրել է նաեւ տուժողի իրավահաջորդների նկատմամբ վիրավորանքի, նրանց մասնավոր եւ ընտանեկան կյանքին միջամտության ու կրկնակի զոհացման (վիկտիմիզացիայի) դեպքեր։
Իհարկե, որեւէ հարցի հանրային ազատ քննարկումը ժողովրդավարական կարեւոր ձեռքբերում է: Դրանով հանդերձ՝ ցանկացած այդպիսի քննարկում պետք է ընթանա այլոց իրավունքների եւ ազատությունների հարգման ու համերաշխության մթնոլորտում: Մարդու արժանապատվությունն անխախտելի է եւ կազմում է յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների անփոխարինելի հիմքը:
Պետք է նկատի ունենալ, որ կոնկրետ իրավիճակում ներման խնդրագրի քննարկման հարցով տեղի է ունենում իրավական ընթացակարգ: Սա ենթադրում է այդ ընթացակարգի կանոնների պահպանում, ինչպես նաեւ այդ գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներ: Ակնհայտ է, որ պետությունը բավարար աշխատանք չի տարել ներման ինստիտուտի էության, ներման գործընթացի վերաբերյալ հանրությանն իրազեկելու ուղղությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանը, հատկապես վերջին տարիների հաղորդումներում ու զեկույցներում հետեւողականորեն արձանագրել է, որ տարիներ շարունակ Հայաստանի քրեակատարողական համակարգն ունեցել է պատժողական բնույթ: Չնայած պետության պոզիտիվ պարտավորությանը՝ գրեթե բացակայել են դատապարտյալի վերասոցիալականացման ուղղությամբ նրա հետ տարվող աշխատանքները, չեն իրականացվել վերականգնողական ծրագրեր։ Հանրության հետ չեն տարվել իրազեկման անհրաժեշտ աշխատանքներ: Այս ամենի արդյունքն էլ քրեակատարողական քաղաքականության եւ մասնավորապես՝ պատժից ազատելու հետ կապված հանրային բուռն, իսկ կոնկրետ իրավիճակի առնչությամբ՝ ատելության խոսքի հասնող արձագանքն է:
Երկրում քրեական քաղաքականության իրականացման եւ պատժից ազատելու ինստիտուտների կիրառման գործընթացում չպետք է անտեսվի նաեւ հանցանքից տուժած անձի լսված լինելու եւ կարծիք արտահայտելու իրավունքը: Պետությանն է վերապահված նրանց աջակցության ու մյուս իրավունքների ապահովման խնդիրը: Ուստի, իրավական բարեփոխումների քաղաքականություն մշակելիս ու իրականացնելիս պետք է նկատի ունենալ նաեւ այդ հարցերը:
Այս հարցում չափազանց կարեւոր է նաեւ լրատվամիջոցների ու լրագրողների դերը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին խնդրում է հեռացնել վիրավորանք կամ ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները՝ անկախ նրանից դրանք արվում են առերեւույթ կեղծ, թե իրական օգտատերերի կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը