08 01 2019

ՀՀ դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ

ՀՀ դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«Վերջին օրերի ընթացքում հասարակության մի շարք անդամների կողմից զանգվածային լրատվության միջոցներով հնչող՝ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների կապակցությամբ ՀՀ դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.

Դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի արգելքն, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից:

Դատավորների միության մեջ ընդգրկված ավելի քան երկու հարյուր դատավորներն աշխատանքային գերծանրաբեռնվածության պայմաններում բարեխղճորեն կատարում են իրենց առաքելությունը՝ հավատարիմ մնալով իրենց զբաղեցրած կարևորագույն պաշտոնի բարձր կարգավիճակին ու պատասխանատվությանը: Դատավորները տարեկան քննում ու լուծում են շուրջ քառորդ միլիոն դատական գործ՝ Հայաստանի Հանրապետության անունից իրականացնելով մարդկանց հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանություն, վճռելով մարդկանց անձնական ազատության, սեփականության և այլ նյութական ու ոչ նյութական բարիքների ճակատագիրը:

 Իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար դատավորներին անհրաժեշտ են սոցիալական բարենպաստ պայմաններ, նյութատեխնիկական ապահովություն, բայց որ ամենակարևորն է՝ դատավորի շուրջ ձևավորված բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ: Դատավորների բնականոն գործունեության համար կենսական նշանակություն ունեցող այս նախադրյալները պետք է մշտապես ապահովված լինեն և չպետք է խարխլվեն ոչ մի դեպքում:

 Կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը, անշուշտ, ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է: Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու անհրաժեշտությունը: Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին:

 Հենց կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի էությունից է հետևում, որ իրավական պետությունում դատավորները պետք է օժտված լինեն իրենց հեղինակության պաշտպանության ավելի բարձր մակարդակով, քան մնացած բոլոր հանրային պաշտոնատար անձինք, և դատավորների հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները: Այս հանգամանքը պայմանավորված է արդարադատության երաշխավորման գործում դատավորների ունեցած յուրահատուկ դերով: Բացի այդ, հատուկ ուշադրություն պետք է դարձվի այն հանգամանքին, որ դատավորներն ի պաշտոնե չեն տիրապետում իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմի՝ կաշկանդված լինելով թե՛ ներպետական օրենսդրությամբ, թե՛ միջազգային-իրավական փաստաթղթերով սահմանված դատավորի վարքագծի կանոններով:

 Ուստի հնչեցված վիրավորանքներին ու մեղադրանքներին չարձագանքելը, որը պայմանավորված է դատավորի վարքագծի կանոններով, ինչպես նաև աշխատանքային գերծանրաբեռնվածությամբ, չի կարող ընկալվել որպես դատավորների կողմից այդ մեղադրանքների ընդունում: Այդ իսկ պատճառով դատավորների, կամ որ նույնն է, արդարադատության հեղինակությունը պետք է պաշտպանվի ցանկացած վիրավորական խոսքից: Ավելին, եթե դատավորների հասցեին հնչեցվող քննադատության միակ նպատակը վերջիններիս արժանապատվությունը վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է և չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում:

 Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատավորների միությունը կոչ է անում գիտակցել արդարադատության իրականացման գործում դատավորների մեծ պատասխանատվությունը և ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ