«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Մամուլում շրջանառվում է իրականության հետ աղերս չունեցող տեղեկատվություն առ այն, թե իբր Կառավարությանը բաժնետոմս նվիրած ընկերության բաժնետերերից մեկը Վահե Հակոբյանի եղբայրն է: Սա ակնհայտ զրպարտություն է, որը բացառապես նպատակ է հետապնդում արատավորել Վահե Հակոբյանին՝ նրա անունը շաղկապելով կեղծ երևույթների հետ:
Մշտապես փորձելով զերծ մնալ շինծու և անպատասխանատու հայտարարություններին արձագանքելու մոտեցումից՝ այնուամենայնիվ, իրադարձությունները վկայում են, որ նման իրավիճակներում ու հատկապես նման զրպարտության պարագայում իրավական մեխանիզմներին ապավինելը դառնում է անհրաժեշտություն»։
Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «2022թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից ստացել ենք ևս 6.8 տոկոս։ Այդ ժամանակ այդ նվիրատվությունը մենք ընդունել ենք գաղտնի որոշմամբ։ Մեր կողմից որևէ գաղտնիություն չկա, իրենց կողմից գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է։ Եվ մենք հիմա այս բաժնամասը նույնպես հանձնում ենք Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարմանը։ Մարտի 24-ի որոշումից հետո «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում Հայաստանի կառավարությունն ունի 21.875 տոկոս բաժնեմաս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը