07 01 2019

Մանվել Գրիգորյանի քրեական մեղադրանքը փլուզվում է․ պաշտպան․ Tert.am

Մանվել Գրիգորյանի քրեական մեղադրանքը փլուզվում է․ պաշտպան․ Tert.am

Վերաքննիչ դատարանն առաջիկա աշխատանքային օրերի ընթացքում կքննի Գլխավոր դատախազության բողոքի միջնորդությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է գեներալ-լեյտենանտ, Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը` պարզաբանելով, որ կոնկրետ օր դեռ նշանակված չէ, բայց, հաշվի առնելով դատավոր Արսեն Նիկողոսյանի միտումը դեպի մեղադրանքի կողմը որոշումներ կայացնելու մասով, նաև դատախազի հորդորը, ենթադրվում է, որ մոտ օրերս կիրազեկվեն նիստի նշանակման մասին:

«Դատավորը մեկ օրվա ընթացքում դատախազության բողոքը վարույթ էր ընդունել, ցանկություն է ունեցել նիստ անցկացնելու անցած տարվա վերջին աշխատանքին օրը, բայց կապվել էր մի փաստաբանի հետ, որը միջնորդության հետ կապ չի ունեցել, հետևաբար մեզ հետ չեն կարողացել կապ հաստատել և օր չի նշանակվել: Ըստ էության, դատավորը ջանասիրություն դրսևորել է և ցանկացել է մեկ օրում նիստ անցկացնել, որը նախկինում չէր արվել, նույն դատավորը բազմաթիվ միջնորդություններ է ստացել, բայց մեկ օրում մեր միջնորդությունները չի անցկացրել»,-շեշտել է նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ նորություն կա գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը տարածքների նվիրաբերության գործընթացից՝ Արսեն Մկրտչյանն ասել է, որ այս պահին այդ մասով նոր տեղեկության չեն կարող հայտնել, պիտի լինի կառավարության որոշում գույքն ընդունելու համաձայնության մասին:

Արսեն Մկրտչյանն ասել է, որ գույքերը օրինական են ձեռք բերվել, համապատասխան ներդրում է արվել, վճարվել է գույքահարկ, բոլոր փաստաթղթերը կան, պարզապես ցանկություն ունեն վնասելու, քաղհայցերով ավելորդ աղմուկ բարձրացնելու: «Դե հիմա գիտեք, կարգերը փոխվել են, պրակտիկայում կա ՀՔԾ-ի պետը հանձնարություն է տալիս տարածքայինին, որ էն գույքերը, որոնք ձեռք են բերվել մրցույթով, գործընթացը դնեն կասկածի տակ և քաղաքացիաիրավական դաշտում վիճարկել: Ասեմ, որ դա հիացմունքով չի ընդունվել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից, բայց հանձնարարություն է տրվել նման հայցերով մտնել, նույնիսկ բյուջեից գումարներ հայթայթել, որ փաստաբան վարձեն այդ գործերով: Ճիշտն ասած, նորմալ պայմաններում դա անել հնարավոր չէ, որովհետև նորմալ իրավահամակարգի պայմաններում սեփականության իրավունքը Սահմանադրությամբ պաշտպանվող իրավունք է, մարդը տասնյակ տարիներ շարունակ, օրինակ, տիրապետում է գույքին: Ավելորդ ինչ-որ կծմթելու ձև է, գործին ուշադրություն դարձնելու համար, քանի որ քրեական մեղադրանքը փուլ է գալիս, զազրելի յուրացում հասկացությունը մեր դատարաններում ենթադրում եմ, որ ապագա չի ունենա: Պարզապես փորձ է կատարվում վարկաբեկող, կծող գործողություն անել»,- ասել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ