Ի՞նչ փուլում է Ասյա Խաչատրյանի հանդեպ ԱՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործը:
«Արցախպրես»-ի այս հարցադրմանն ի պատասխան՝ ԱՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը նշել է, որ Ասյա Խաչատրյանի` զանգվածային լրատվամիջոցներում արված հայտարարության հիման վրա, դեռևս անցյալ տարվա ապրիլին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՔՕ 323-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
«Նախաքննության ընթացքում Ա. Խաչատրյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն վերջինս գրավոր կերպով հրաժարվել է հարցաքննության ներկայանալ, պատճառաբանելով, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իր դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ, ուստի իր ներկայանալը նպատակահարմար չի գտնում: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, անցած տարվա դեկտեմբերին հիշյալ քրեական գործի վարույթը կարճվել է հանցադեպի և հանցակազմի բացակայության հիմքերով»,- ասել է Կ. Գաբրիելյանը:
Եթե ոստիկանների գործողություններում հանցանք չի պարունակվել, ապա ի՞նչն է ստիպել Ա. Խաչատրյանին` վերջիններիս դեմ հրապարակավ բողոքելու: Տվյալ կապակցությամբ դատախազության հանրային կապերի բաժնի պետը նշել է, որ ինքն ի պաշտոնե իրավունք չունի գնահատական տալու դեպքին, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ Ա. Խաչատրյանի վարքը և հատկապես վերջերս հրապարակված՝ Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի ֆոնին լուսանկարը կարող են շատերի մոտ տպավորություն ստեղծել, որ նա դիտավորություն ուներ սադրել և ստվեր գցել արցախցի իրավապահների վրա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը