ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության գործով պատասխանող կողմի դատարանին հայտնած բացարկը մերժվել է: Այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ ներկայացվել է հայցադիմում՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, գտել է, որ բացարակի վերաբերյալ պատասխանող կողմի միջնորդությունը ենթակա է մերժման:
Գործով դատաքննության ավարատ է հայտարարվել, իսկ վճիռը կհրապարակվի 2019 թվականի հունվարի 18֊ին:
Ըստ ներկայացված հայցադիմումի՝ 2018թ հունիս ամսին «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը, մասնավորապես` 2018 թվականի հունիսի 7-ին ընկերությանը պատկանող «www.1in.am» ինտերնետային կայքում և «ժամանակ» օրաթերթում հրապարակվել են հոդվածներ` «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերնագրով, որտեղ տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:
2018 թվականի հունիսի 28-ին նույն լրատվամիջոցում հրապարակվել է վերլուծական ևս մեկ հոդված՝ «Քոչարյան-Սարգսյան. Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրով:
Հայցվոր կողմը դատարանին խնդրել է պարտավորեցնել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պարտավորեցնել ընկերությանը զրպարտության դիմաց Ռոբերտ Քոչարյանին վճարել 2.000.000 դրամի չափով փոխհատուցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը