Ոստիկանության ՔՀԳՎ-ի աշխատակիցը միայնակ այցելել է Նյուզ.ամ-ի խմբագրություն` ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցված տեղեկության հիման վրա պատրաստված գրությունը հանձնելու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրությունից:
«Խմբագրությունում նա օրենքով սահմանված կարգով ներկայացել է, գլխավոր խմբագրին հայտնել իր այցի նպատակը ու հանձնել թղթերը: Խմբագիրը բովանդակությանը ծանոթանալուց հետո ասել է, որ կխոսի իր իրավաբանի հետ: Վերջինիս հետ հեռախոսային խոսակցությունից հետո հրաժարվել է վերցնել թուղթը:
Ոստիկանության ծառայողի բացատրությունից հետո, որ, միևնույնն է, փոստով ուղարկելու է գրությունը, խմբագիրը նորից է զանգահարել իրավաբանին:Իրավաբանները եկել են խմբագրություն, ծանոթացել գրությանը, ինչից հետո գլխավոր խմբագիրը ստորագրել է ոստիկանի օրինակը ու վերցրել գրության իր օրինակը:
Ոստիկանության ծառայողը դուրս է եկել խմբագրությունից ու հեռացել: Ավելացնենք միայն՝ կախման կետերով, անորոշ հայտարարություն տարածելով, ոստիկանության լրատվության վարչության զանգերը անտեսելով, լրատվամիջոցների հարցերին խորհրդավոր լռությամբ «պատասխանելով» չարժեր անիմաստ աղմուկ բարձրացնել` ի սկզբանե իմանալով, որ տեղի ունեցածը «իրադարձություն» չէ և որևէ աղմուկի հիմք դառնալ չի կարող:Ի դեպ, նշված գրությունը փոխանցվել է նաև այլ լրատվամիջոցի»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ սա արդեն 3-րդ դեպքն է, երբ իրավապահները խմբագրություն են գնում:
Հիշեցնենք, որ առաջինը իրավապահներն այցելեցին Yereven.Today-ի խմբագրություն, ապա՝ Aysor.am-ի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը