Դեռևս սույն թվականի առաջին կիսամյակում ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր ընդերքօգտագործողների կողմից պետության և համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություն:
Պարզվել է, որ 2018թ. հունիսի 5-ի դրությամբ ռեկուլտիվացիոն վճարների գծով թվով 320 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն ՀՀ դրամի, պետական տուրքի գծով թվով 123 ընդերքօգտագործող՝ ընդհանուր շուրջ 160 միլիոն դրամի չափով պարտավորություն: Բացի այդ պարզվել էր, որ 417 ընդերքօգտագործող չի կատարել համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ կատարելու գծով ընդհանուր շուրջ 280 միլիոն ՀՀ դրամի չափով պարտավորություն:
Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ պարզելու պարտավորությունների չկատարման պատճառները, պարտավորությունների կատարումից միտումնավորր խուսափելու հնարավոր մեխանիզմների առկայությունը, ինչպես նաև՝ իրավասու պետական մարմինների հետ ձեռնարկել քայլեր ընդերքօգտագործողների կողմից վճարումների կատարումն ապահովելու ուղղությամբ: Բոլոր պարտապան ընդերքօգտագործողները նախազգուշացվել են պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունը նաև դիմել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ չկատարված պարտավորությունների վճարումների ընթացքի և գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց մասին անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունն ստանալու համար՝ դատախազական ներգործության անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ, միջոցների վերականգնման նպատակով, ըստ անհրաժեշտության, պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման հարցը քննարկելու համար: Իրականացված միջոցառումների արդյունքում՝ ռեկուլտիվացիոն վճարների գծով ներկա պահի դրությամբ վերականգնվել է շուրջ 80 միլիոն, պետական տուրքի գծով՝ շուրջ 31 միլիոն ՀՀ դրամը, իսկ համայնքներում կատարվել են ընդհանուր շուրջ 183 միլիոն ՀՀ դրամի ներդրումներ:
Այսինքնն ընդհանուր առմամբ նախորդ 5 ամիսներին, 01.11.2018թ. դրությամբ, պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների շուրջ 963 միլիոն ՀՀ դրամ պարտավորություններից արդեն իսկ կատարվել են շուրջ 300 միլիոնինը: Միաժամանակ, բազմաթիվ ընդերքօգտագործողներ պարտավորվել են պարտավորությունները կատարել մաս-մաս՝ կազմած ժամանակացույցին համապատասխան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը