ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առերևույթ կատարված ինքնիրավչության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2018թ. օգոստոսի 7-ին Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2011թ. «Ֆլեշ» ՍՊ ընկերության աշխատակիցը, իր հանգուցյալ ամուսնուն մեղադրելով յուրացումներ կատարելու մեջ, խաբեությամբ, սպառնալիքներ տալու եղանակով, հափշտակել է 15 000 000 ՀՀ դրամ գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով, որը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական տվյալներով՝ 2010-2011թթ. ընթացքում «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենը՝ ծնված 1954թ., գրասենյակ է հրավիրել ընկերության աշխատակցին՝ բենզալցակայանի վարիչին, վերջինիս մեղադրել հափշտակություն կատարելու մեջ, սպառնացել նրա որդուն՝ ծնված 1982թ., և պահանջել որպես փոխհատուցում վճարել 3 000 000 ՀՀ դրամ գումար:
Ստանալով պահանջված գումարը՝ աշխատակցին հայտնել է, թե սխալ հաշվարկ է կատարվել, հափշտակված գումարի չափն ավելի մեծ է՝ պահանջելով ևս 3 200 000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ՍՊ ընկերության տնօրենը պահանջել է նաև, որպեսզի աշխատակցի որդուն պատկանող «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան տեղափոխեն ընկերությանը պատկանող բազա՝ հայտնելով, որ գումարը վճարելուց հետո միայն այն կվերադարձնի: Բենզալցակայանի վարիչն ստիպված վճարել է ևս 3 200 000 ՀՀ դրամ գումար և վերցրել հիշյալ ավտոմեքենան:
Այնուհետև, ըստ քրեական գործի նյութերի, ՍՊ ընկերության տնօրենը աշխատակցին հրավիրել է ընկերության գրասենյակ և վերջինիս որդու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ պարտադրել է ստորագրել ևս 7 000 000 ՀՀ դրամ գումարի չափով պարտավորագիր: Պահանջվող գումարը վճարելու համար՝ ՍՊ ընկերության աշխատակիցը գրավադրել է իր բնակարանը և ՍՊ ընկերության տնօրենին փոխանցել 7 000 000 ՀՀ դրամ գումարը:
Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, հարցաքննվել են ընկերության աշխատակիցներ, դեպքի շուրջ, որպես կասկածյալ, ցուցմունք է տվել ՍՊ ընկերության տնօրենը: Քննիչը որոշում է կայացրել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը