21 03 2019

«Ֆլեշ» ՍՊԸ-ն հատուցել է պատճառված 111․5 մլն դրամի վնասը․ Դատախազություն

«Ֆլեշ» ՍՊԸ-ն հատուցել է պատճառված 111․5 մլն դրամի վնասը․ Դատախազություն

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախորդ տարի ուսումնասիրվել էր հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրով բյուջետային սուբսիդավորման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:  

Ուսումնասիրությամբ պարզվել էր, որ ծրագիրն իրականացնելիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել ՀՀ կառավարության 2003թ. համապատասխան որոշմամբ հաստատված պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգի պահանջները: Ավելի կոնկրետ՝ չեն կատարել սուբսիդիայի հիմքում դրված նվազագույն շահավետ գնի նորմատիվների հաշվարկման և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման պարտականությունները:

Բացի այդ պարզվել էր, որ 2015թ. ՀՀ կառավարության որոշմամբ 2015թ. դիզելային վառելիքի սուբսիդավորման գին է սահմանվել 1 լիտրի համար 55 դրամ: Չնայած այդ հանգամանքին՝ նույն որոշման մեկ այլ կետով և դրա հիման վրա կնքված համաձայնագրով մատակարար ընկերությանը փոխհատուցվել է 88 դրամ: Արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել էր էական վնաս՝ պետական բյուջեից  դիզելային վառելիքի գծով 2015թ. անհիմն, շուկայական գներից թանկ, տրամադրվել է 104.871.558 դրամ ավելի սուբսիդիա:

Արձանագրված առերևույթ խախտումների փաստով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է նաև, որ 2014թ-ին կառավարության որոշմամբ մեկ լիտր դիզվառելիքի սուբսիդիայի չափը սահմանվել է 88 ՀՀ դրամ: Սակայն մատակարար ընկերությունն առանց բավարար իրավական հիմքերի դիզվառելիքի 1 լիտրը մատակարարել է նախորդ տարի սահմանված 90 դրամ գնով՝ 2 դրամ թանկ, որը ևս փոխհատուցվել է պետության կողմից, ինչի հետևանքով պատճառվել է 6.632.138 ՀՀ դրամի վնաս:

Այսինքն 2014 և 2015 թվականներին ընկերության մոտ թողնվել է ընդհանուր 111.503.696 ՀՀ դրամ ավել սուբսիդիա, որը չի վերադարձվել պետական բյուջե:

Քրեական գործով նախաքննության շրջանակներում մատակարար հանդիսացող «Ֆլեշ» ՍՊԸ-ի կողմից կատարված փոխանցմամբ ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված 111.503.696 ՀՀ դրամը:

Նախաքննությունը շարունակվում է: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ