Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Հայարփի Զարգարյանի, ծանոթանալով Ռոբերտ Քոչարյանի հայցին ընդդեմ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ուսումնասիրելով դատարան ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը՝ դատարանը հանգել է այն եզրակացության, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման, որովհետև չեն պահպանվել հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները
Երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը նշել է, որ հայցադիմումը նույն օրը մուտք է արվել դատարան: Այս անգամ հայցադիմումը մակագարվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին: «Բացակայում էր անձնագրի պատճենը, դիմումին կից ներկայացվել է»,-ասել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ հայցվոր Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին, պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը