20 09 2018

Հրազդանի նախկին քաղաքապետի նկատմամբ քրգործ է հարուցվել

Հրազդանի նախկին քաղաքապետի նկատմամբ քրգործ է հարուցվել

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում էր ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու և օրինական կարգով ընթացքը լուծելու համար։

Գործի քննությունը հետագայում հանձնվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնին, որտեղ էլ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կայացված որոշմամբ՝ քրեական գործ հարուցելը մերժվել էր:

Սակայն Կոտայքի մարզպետը բողոքարկել է վերոնշյալ որոշումը Կոտայքի մարզի դատախազին: Արդյունքում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննության»,- նշված է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ