ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է նախնական կալանքի տակ պահելու 1 օրը հավասարեցնել կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայում գործող մեկ օրվա փոխարեն։ Պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Առաջարկում եմ հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն։
Երեկ աշխատանքային օրվա ավարտին շրջանառության մեջ եմ դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Վերջինով մասնավորապես նախատեսում ենք հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն։ Նախագծով վերադարձ է կատարվում նախկին՝ ավելի մարդասիրական մոտեցմանը, քանի որ նախնական կալանքը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում և պահման այլ ավելի խիստ պայմաններ։
Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել, որ քրեական գործերի քննությունը կարող է ձգվել մի քանի ամիս և ավելի, իսկ այդ ողջ ընթացքում անձը կարող է գտնվել նախնական կալանքի տակ։ Ընդ որում, գաղտնիք չէ, որ ներպետական դատարանների կողմից կալանավորումը կիրառվում է որպես խափանման հիմնական միջոց՝ գրեթե ամեն անգամ բավարարելով մեղադրանքի կողմի միջնոդրությունը։ Այս տենդենցն այժմ էլ շարունակում է մնալ ակտուալ։
Ընթացիկ տարվա հուլիսին Ռուսաստանի Պետական դուման ևս ընդունել է օրենք, որով վերջնական պատժաչափը հաշվարկելիս կալանավայրում պահման մեկ օրը հավասարեցվում է ազատազրկման մեկուկես օրվան։ Իսկ Գերմանիայում կալանքի մեկ օրը համապատասխանում է ազատազրկման մեկ օրվան, սակայն հաշվի առնելով այն, որ այլ երկրներում կալանքի կամ ազատազրկման պայմանները կարող են լինել ավելի խիստ և ոչ բարվոք՝ նախատեսվում է, որ դատարանն իր հայեցողությամբ կարող է օտար երկրում կալանքի և ազատազրկման ժամկետը հաշվակցել Գերմանիայում որպես պատիժ նշանակվող ազատազրկմանը՝ ավելի մեծ (ընդ որում՝ վերին սահման չի նախատեսվում) հարաբերակցությամբ։
Առաջարկվում է սահմանել, որ օրենքի գործողությունը տարածվելու է 2017 թ. հունվարի 1-ից հարուցված բոլոր քրեական գործերի վրա։
Ներկայացված նախագծի ընդունումը մի կողմից հնարավորություն կտա զգալիորեն բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները՝ մասնակիորեն լուծելով դրանց գերբեռնվածության խնդիրը։ Մյուս կողմից՝ հարյուրավոր դատապարտյալների և նրանց ընտանիքների համար պատժաչափի անգամ ոչ մեծ կրճատումը պետության կողմից իրենց հանդեպ մարդասիրության լավագույն դրսևորումը կլինի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը