31 08 2018

Վարչապետի խոսնակը՝ Շանթ Հարությունյանին ազատ արձակելու մասին

Վարչապետի խոսնակը՝ Շանթ Հարությունյանին ազատ արձակելու մասին

Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Շանթ Հարությունյանի՝ բանտում գտնվելու հետ կապված հարկ եմ համարում ընդգծել.

1. Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Նիկոլ Փաշինյանը զբաղվել է այդ հարցով և պարզել, որ Շանթ Հարությունյանի և խմբի ազատ արձակելու հարցում կառավարության ունեցած միակ օրինական լծակը կալանքի ռեժիմը փոխելն է:

2. Կայացվել է որոշում Շանթ Հարությունյանի, նրա գործով դատապարտված Վարդան Վարդանյանի և Լիպարիտ Պետրոսյանի պահման պայմանները փոխել կիսաբացից բաց ռեժիմի, այնպես, որ նրանք փաստացի լինեն ազատության մեջ, ինչից օգտվել են Վարդան Վարդանյանը և Լիպարիտ Պետրոսյանը:

3. Շանթ Հարությունյանը հրաժարվել է նման որոշմամբ դուրս գալ բանտից՝ պահանջելով իրեն արդարացնել:

4. Վարչապետը դրանից հետո խնդրել է Շանթ Հարությունյանին հրավիրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի աշխատասենյակ և հեռախոսազրույց է ունեցել նրա հետ, պարզաբանելով, որ ինքն իրեն չի կարող թույլ տալ դատարաններին հրահանգ արձակել, որովհետև դա կլինի նախորդ իշխանության գործելակերպի շարունակություն, և Շանթ Հարությունյանին խնդրել է ստորագրել փաստաթղթերը և դուրս գալ բանտից, և ազատության պայմաններում պայքարել իր արդարացման համար:

5. Վարչապետը ընդունել է նաև Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին և պարզաբանել, որ նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը մինչև օրս համարվում է դատապարտված (հանցավոր արարք թույլ տված) 2008 թվականի մարտի 1-ի գործով, շարունակում է պայքարել իր արդարացման համար, բայց նաև համոզված է, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե քաղաքական հրահանգներով, այլ օրինականության խստիվ պահպանմամբ:

6. Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, երբ համաձայնի ստորագրել պահման ռեժիմը փոխելու համար անհրաժեշտ փաստաթղթերը»:

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը 2 ամիս ժամանակ տրամադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին զբաղվելու իր հոր հարցով և սպառնաց խաղաղ անհնազանդություն իրականացնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ