23 08 2018

Որտե՞ղ է եղել Յուրի Խաչատուրովն ապրիլյան պատերազմի ժամանակ․ Analitik.am

Որտե՞ղ է եղել Յուրի Խաչատուրովն ապրիլյան պատերազմի ժամանակ․ Analitik.am

Հուլիսին Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր․ «Խաչատուրովի դեպքում ես համոզված եմ, որ պետք է ստուգել ոչ միայն մարտի մեկին իր դերը, դերակատարությունը, պետք է ստուգենք 2016 թվին ապրիլյան պատերազմին իր մասնակցությունը։ Ես բազմիցս ասել եմ՝ զարմանալի էր ինձ համար, որ մի քանի մեր գեներալներ կա՛մ չեն եղել իրենց տեղում, երբ պատերազմ էր, չգիտեմ, տարբեր տեղերում են եղել ու արագ չեն վերադարձել իրենց աշխատասենյակները, ու երկրորդը, ես առաջարկել եմ ստուգել էդ գեներալների և հարազատների հաշիվները՝ մինչև ապրիլյան պատերազմը և անմիջապես հետո, քանի որ տարածքներ ձրի չեն հանձնում»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ստեփան Գրիգորյանը բավականին լուրջ մեղադրանք էր հնչեցնում ՀՀ գեներալների, բանակի ղեկավարության հասցեին, Analitik.am-ը գնաց վերոնշյալ տեղեկությունների հետքերով։

Մենք նախ կապ հաստատեցինք պարոն Գրիգորյանի հետ, ով մեզ հետ զրուցեց, սակայն ասաց, որ եթե զրույցը հրապարակենք, ապա մեզ դատի կտա, հետևաբար չենք հրապարակում Գրիգորյանի հնչեցրած մտքերը։ Նշենք, որ Datalex.am կայքից տեղեկացանք, որ Յուրի Խաչատուրովի փաստաբան Գրիգորի Բեքմեզյանը քաղհայց է ներկայացրել Ստեփան Գրիգորյանի դեմ։ Անալիտիկին հաջողվեց զրուցել Բեքմեզյանի հետ, և պարզեցինք ներկայացված քաղհայցի մանրամասները․

-Պարոն Բեքմեզյան, մենք տեղյակ ենք, որ Դուք քաղհայց եք ներկայացրել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի դեմ Յուրի Խաչատուրովի հետ կապված որոշակի արտահայտությունների մասով։ Կմանրամասնե՞ք, ի՞նչ քաղհայցի մասին է խոսքը:

-Այո, իհարկե։ Հուլիսի 30-ին պարոն Գրիգորյանը Ա1+ հեռուստաընկերության կայքում հարցազրույց էր տվել, որը նաև հետագայում զետեղվել էր նաև Ա1+-ի յութուբյան կայքում, որում պարոն Խաչատուրովի կարծիքով և համոզմամբ, նաև մեր, քանի որ դիմել ենք դատարան, զրպարտիչ արտահայտություններ են արվել պարոն Խաչատուրովի և ոչ միայն նրա, նաև ՀՀ բանակի վերաբերյալ, որոնք ոչ միայն, ըստ էության, զրպարտում և հեղինակազրկում են պարոն Խաչատուրովի բարի անունը, պատիվը և արժանապատվությունը, այլ նաև անմիջական առնչություն ունեն, մեր կարծիքով, ՀՀ Զինված ուժերի հետ։

Եվ քանի որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, խնդիր առաջացավ անպայման հանրությանը ցույց տալ, հասկացնել, որ այդ արտահայտություններն իրականում սուտ են, արատավորում են ինչպես պարոն Խաչատուրովի, այնպես էլ, և հատկապես բանակի պատիվը, հեղինակությունը, սխալ տրամադրություններ են առաջացնում հասարակության մոտ բանակի նկատմամբ, հատկապես դրանք կապված են ապրիլյան պատերազմի հետ, որը շատ ցավոտ թեմա է մեր ժողովրդի համար, և ըստ էության օգտագործելով ապրիլյան պատերազմը՝ փորձել որոշակի զրպարտություններ անել մարդկանց հասցեին, այդ թվում նաև Զինված ուժերի, ըստ էության, կարծում ենք, որ ճիշտ չէ։

Պետք է անպայման դրա մասին ասվի հասարակությանը, հասարակությունը պետք է իմանա, և դատական կարգով մենք պետք է փորձենք հասնել նրան, որ այդ ամենը հերքվի պարոն Գրիգորյանի կողմից։ Եվ նաև մի բան ասեմ՝ ինչու մենք որոշեցինք դիմել դատարան։ Որովհետև յութուբյան դիտումներն Ա1+-ի բավական շատ դիտող են հավաքել, արդեն մոտավորապես, եթե չեմ սխալվում, 200 000-ից ավելի, ուստի դրա ռեզոնանսն այնպիսին էր, որ ճիշտ էր, հենց բանակի շահերից ելնելով նաև, դիմել դատարան և պարտավորեցնել, որպեսզի այդ ամեն ինչը հերքվի։

-Տեսեք, մինչ այս եղել են բազմաթիվ հրապարակումներ Յուրի Խաչատուրովի մասին տարբեր տեղեկություններ են ասվել այդ հրապարակումներում։ Ի՞նչն էր պատճառը, որ երբևէ անդրադարձ չի եղել նախկինում եղած մեղադրանքներին, և հենց հիմա որոշվել է հայց ներկայացնել դատարան։

-Գիտեք, ըստ էության, այդ մեղադրանքները, որոնք հնչել են, իրականում վերաբերել են պարոն Խաչատուրովին, իսկ պարոն Խաչատուրովն ինքն իրեն քաղաքական գործիչ երբեք չի համարել, և ինքն ուղղակի գտել է, որ պետք է արհամարհի այդ ամեն ինչը և հետամուտ չլինի դրանց հետևանքներին, ժխտմանը և հերքմանը։ Բայց այս դեպքում, ինչպես ես նշեցի, պարոն Խաչատուրովի համոզմամբ, և նաև մեր կարծիքով, մեղադրանքները վերաբերում են ոչ միայն իր անձին, այլ նաև, ըստ էության, ՀՀ Զինված ուժերին։

Եվ այստեղ արդեն կարևորվում է նաև ԶՈւ հեղինակությունը պաշտպանելու հարցը, ուղղակի էստեղ խնդիրն ինչն է, ինչո՞ւ է պարոն Խաչատուրովը դիմել դատարան, որովհետև իր անունն է շոշափվում որպես հիմնական մեղավոր անձ, և իր անվան հետ կապվում են նաև Զինված ուժերը, որովհետև պարոն Խաչատուրովն ապրիլյան պատերազմի օրերին եղել է ԶՈւ գլխավոր շտաբի պետ, և ըստ էության, իրենով են նաև կապված այդ բոլոր մեղադրանքների միավորումը բանակի հետ։ Եվ այս դեպքում արդեն զուտ բանակի շահերից ելնելով՝ պարոն Խաչատուրովը որոշել է դիմել դատական պաշտպանության։

-Այսինքն, Խաչատուրովը դիմում է դատարան, որպեսզի հետագայում նման բաները կանխվե՞ն։

-Ասեմ, տեսեք՝ ինչ հետաքրքիր իրավիճակ է։ Մարդը արել է հայտարարություններ, մենք ասում ենք՝ բոլորը ունեն կարծիք հայտնելու, հայտարարություն անելու իրավունք։ Բայց այս դեպքում ոչ թե արվել են կարծիք հայտնելու հետ կապված հայտարարություններ, այլ ասել են փաստացի տվյալներ, այսինքն՝ հայտարարությունների մեջ հստակ շեշտվել է, որ ապրիլյան պատերազմի օրերին հողերը ծախվել են, այսինքն՝ դավաճանություն է տեղի ունեցել, հողերը ծախվեկ են պարոն Խաչատուրովի, այլ գեներալների կողմից, և ըստ էության, ըստ բանախոսի, այսինքն՝ ըստ պարոն Գրիգորյանի, տեղի է ունեցել հողերի վաճառք, տեղի է ունեցել պետական դավաճանություն։ Եվ ոչ թե դա կատարվել է միայն պարոն Խաչատուրովի միջոցով, այլ դա կատարվել է այլ գեներալների միջոցով ևս, այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ բանակի գլխավոր գերագույն հրամանատարությունը կապված է եղել հողերի հանձնման հետ։

Ընդ որում, ոչ թե հողերը հանձնվել են վատ կառավարման, բանակի վատ ղեկավարման և այլնի հետևանքով, ոչ միայն հա, որովհետև էնտեղ նաև ինքը նշում է, որ տեղում չեն եղել ոչ մեկը, այլ նաև այն բանի հետևանքով, որ նրանք դրա դիմաց գումար են ստացել, այսինքն՝ վաճառել են էդ ամեն ինչը։ Շատ ծանր մեղադրանք է, հասկանո՞ւմ եք, և էդ ծանր մեղադրանքն ուղղակի թողնել առանց պատասխանի ճիշտ չի, որովհետև եթե մարդը նման մեղադրանքներ է ներկայացնում, ինքը պետք է գա և դատարանում հիմնավորի, որ նման գործողություններ իսկապես կատարվել են, այլապես բոլորս մենք միշտ կարող ենք ինչ-որ բաներ ասել, և հաշվի առնելով նաև հիմիկվա հասարակական տրամադրությունները, պարզ է, որ այդ ամեն ինչը կարող է նաև սխալ հետևանքներ և սխալ ազդեցություն ունենալ հասարակության մեջ, բարոյալքել բանակը, բարոյալքել նաև ԶՈւ-ն, որը, մեր կարծիքով, անթույլատրելի է։

-Իսկ ի՞նչ է պահանջվել քաղհայցով, հիմնական պահանջները որո՞նք են։

-Գիտե՞ք ինչ, առաջին հերթին պահանջվել է, որպեսզի հերքում հրապարակվի, այսինքն՝ պարոն Գրիգորյանը հարցազրույց տա Ա1+ հեռուստաալիքին, ինչպես նաև այդ հարցազրույցի տեսանյութը դնի իր ֆեյսբուքյան էջում, որովհետև իր ֆեյսբուքյան էջում ևս տարածվել էր այն վիճելի հարցազրույցը, որի հետ կապված մենք դիտել ենք դատարան, ինչպես նաև պահանջել ենք երկու միլիոն դրամ, ինչպես օրենքն է նախատեսում՝ ոչ նյութական վնասի հատուցում։ Ես կցանկանայի մի քիչ ավելի մանրամասն խոսել այս ոչ նյութական վնասի հետ կապված, որովհետև, տեսեք, իրականում որևէ նպատակ չկա ինչ-որ մեկից գումար ստանալու, այս դատական պրոցեսը պարոն Խաչատուրովի համար հարստանալու միջոց չի, այդ գումարն ինքը չի տնօրինելու իր անձնական կարիքների համար։ Հենց սկզբից որոշվել է, որ գումարը պետք է տրվի Զինվորների ապահովության հիմնադրամին։

Բայց, նաև ինչի՞ համար ենք մենք ուզել այդ գումարը։ Որովհետև ցանկացած արտահայտություն, ցանկացած օրենքի խախտում, ցանկացած իրավախախտում, հատկապես՝ նմանատիպ, պետք է ենթարկվի պատասխանատվության։ Միայն հերքումը դա այն բավարար պատասխանատվության միջոցը չէ, որի համար մենք կարող ենք արժանի, այսպես ասած, հետագայում կանխել նման դեպքերը, որովհետև մարդիկ հակված են, մարդիկ ունակ են անընդհատ զրպարտելու, վիրավորելու։ Եվ որպեսզի հետագայում բացառենք նման դեպքերը, անհրաժեշտ է, որպեսզի պատասխանատվության միջոցը լինի մի քիչ էական, շոշափելի, որ մարդկանց գրպանին կպնի և հասկանան, որ ճիշտ չի նման կերպ վարվելը, նման կերպ ինչ-որ տեղ դիվիդենտներ շահելը։ Դրա համար մենք խնդրել ենք դատարանից, որպեսզի բռնագանձի պարոն Գրիգորյանից 2 միլիոն դրամ, և, ինչպես նշեցի, այդ գումարը գնալու է անմիջապես, այնքան, ինչքան դատարանը, իհարկե, կորոշի, դա դեռ դատարանի որոշման խնդիրն է, մենք չենք կարող առաջ ընկնել, բայց գումարն անմիջապես գնալու է Զինվորների ապահովության հիմնադրամին։

-Պարո՛ն Բեքմեզյան, Դուք ի՞նչ եք կարծում, նման մոտեցմամբ, այսինքն՝ նույնիսկ եթե դատարանը բավարարի Ձեր քաղհայցն ընդդեմ պարոն Գրիգորյանի, հնարավոր կլինի՞ կանխել բանակի նկատմամբ հնչող տարբեր զրպարտությունները, մեղադրանքները, սուտ տեղեկությունները։

-Ես չեմ կարող երաշխավորել, բայց գոնե կապացուցվի, կամ հասարակության համար պարզ կլինի, որ այն ամենը, ինչ որ ասվել է, չէր համապատասխանում իրականությանը։ Այլ անձանց համար միգուցե կլինի ազդակ, որ եթե ինչ-որ հայտարարություն պետք է արվի բանակի հասցեին, միգուցե մի քիչ ավելի մտածեն, փորձեն ավելի կշռադաել, ապացույցներ ձեռք բերել, նոր նման արտահայտություններ անել։ Իհարկե, 100 տոկոսով չի բացառի այլևս բանակի հասցեին որևէ զրպարտիչ կամ այլ արտահայտություն, բայց կարծում ենք՝ որոշակի չափով կարող է նվազեցնել նման արարքները, այսինքն՝ կանխարգելիչ բնույթ կկրի անպայման։

-Եվ ի՞նչ սպասելիքներ ունեք դատարանից:

-Ճիշտն ասած, ես հույս ունեմ, և վերջին իրողությունները ցույց են տալիս, որ դատական համակարգը կարծես թե կարող է օբյեկտիվ քննել ցանկացած գործ, միայն դրական, այսինքն՝ քանի որ մենք վստահ ենք մեր հայցի իրավացիությանը, կարծում ենք, որ դատարանը պետք է ճիշտ գնահատի փաստերը, և կկազմի ճիշտ, օրինական դատական ակտ, և ամենակարևորը որպեսզի դատարանը չտրվի հասարակության ցանկություններին, այլ զուտ փաստերը գնահատի օբյեկտիվորեն, այն բոլոր ապացույցների համատեքստում, որոնք կներկայացվեն դատարանին, ինչը ես չեմ կասկածում, ճիշտն ասած։

Գրիգոր Բեքմեզյանը մեզ տրամադրեց նաև փաստաթուղթ, որով հաստատվում է, որ 2016 թվականին ՀՀ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը ապրիլի 2-ին, տեղեկանալով պատերազմական գործողությունների մասին, անմիջապես ժամանել է աշխատանքի վայր։

Արձանագրենք մի հետաքրքիր փաստ․ բանակի, գեներալների և պաշտպանության նախարարության հետ կապված չճշտված և հաճախ հերքվող տեղեկությունները հիմնականում տարածվում են «Բաց հասարակությունների հիմնադրամից» ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների կողմից։

Նշենք, որ վերջին 4 տարում Ստեփան Գրիգորյանի Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն հասարակական կազմակերպությունը «Սորոսի» հիմնադրամից ստացել է մոտ 130 000 ԱՄՆ դոլարի չափով գումար։

Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Analitik.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ