ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում խնդիրներ կան։ Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը:
«Քրեական գործի նյութերին ծանոթ չեմ, բայց ես ելնում եմ Սահմանադրական նորմերից. Սահմանադրական նորմի կոպիտ խախտում կա», - ասել է նա:
Նա մատնանշել է 2005-ին ընդունված Սահմանադրության 56.1 հոդվածը, որի համաձայն՝ Հանրապետության նախագահն անձեռնմխելի է և Հանրապետության Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Բացի այդ, նույն հոդվածի համաձայն, իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո։
ՍԴ նախկին անդամը միաժամանակ նկատեց, որ եթե արդարամտության ցանկություն լիներ, ապա 1996-ի դեպքերի ժամանակ պետք է կիրառվեր այդ նորմը, երբ «Վազգեն Մանուկյանը հավաքել էր 70 և ավելի տոկոս ձայն, սակայն վերագրեցին Լևոն Տեր-Պետրոսյանին»։
«Այդ ժամանակ պետք է հայտարարվեր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանությունը յուրացրել է։ Իսկ 2008-ին 21 տոկոս հավաքած Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակում ասում էր, որ ինձ պետք է ձեռքերի վրա տանեք նախագահական պալատ։ Ինչո՞ւ ենք մենք մոռանում իրականությունը, թե ինչպես է եղել, ով հրահրեց այդ ժողովրդին։ Ես, իհարկե, շատ եմ ցավում անմեղ տասը զոհերի համար, բայց ինձ թվում է՝ մենք ազգովի պարտք ենք այդ տասը հոգուն, որոնք իրենց կյանքը զոհեցին, որ այսօր խաղաղ իշխանափոխություն տեղի ունենար։ Եթե նրանք չլինեին, այսօր չէր լինի խաղաղ իշխանափոխություն», - ասել է Կիմ Բալայանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը