«Օրլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի հայ սեփականատեր Սերգեյ Բուդաղովի առևանգման 4 կասկածյալները կալանավորվել են: Հարցաքննությունների ժամանակ նրանք խոստովանել են, որ գործարարին առևանգել են փրկագին պահանջելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով Քննչական կոմիտեին:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ հուլիսի 10-ին «Օրլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Բուդաղովն առևանգվել է զինված անձանց կողմից: Անհայտ անձինք կանգնեցրել են «Lexus LX 570» ավտոմեքենան, որով ընթանում էր Բուդաղովը, նստել են մեքենան և գործարարի ու վարորդի հետ ուղևորվել գերեզմանատուն: Այնտեղ վարորդին կապել են և թողել ավտոսրահում, իսկ Բուդաղովին ուժով նստեցրել են իրենց ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ: Գործարարին ազատ արձակելու համար նրանք 20 միլիոն ռուբլի են պահանջել: Առևանգման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ի գիշերը՝ հատուկ գործողության ընթացքում, ուժայիններն ազատել են Բուդաղովին:
«Դատարանը բավարարել է քննչական մարմինների միջնորդությունը և նախկինում դատապարտված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանավորումը Սերգեյ Բուդաղովին առևանգելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ներկայացված ապացույցների ճնշման տակ նրանք խոստովանել են, որ հանցագործություն են կատարել՝ փրկագին պահանջելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը