05 07 2018

Եղել են նաև «ցուցակային» գործեր, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի. ՍԴ նախկին անդամ

Եղել են նաև «ցուցակային» գործեր, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի. ՍԴ նախկին անդամ

Սահմանադրորեն որոշում ենք, որ ՍԴ անդամը պետք է կախյալ լինի գործադիր իշխանությունից, ով անաչառ է, հետագայում տեղ չի ունենա գործադիր, դատական իշխանությունում: Այս մասին Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը:

«Սահմանադրության մեջ են ամրագրվում այնպիսի սկզբունքային հարցեր, որոնք պետք է հավասարակշռեն ամբողջ իշխանությանը: Բայց այսօր դատական իշխանությունը ձևավորվում է բացառապես քաղաքական մարմնի կողմից, Սահմանադրական դատարանի անդամին ընտրում է Ազգային ժողովը, Վճռաբեկ դատարանին ընտրում է ԱԺ-ը: Ստացվեց, որ ունենք քաղաքական մեկ մարմին, դատական իշխանությունը ձևավորում է թիվ մեկ քաղաքական մարմինը: Այս պայմաններում դատական իշխանությունն ինչպե՞ս կարող է անկողմնակալ լինել ու Սահմանադրությանը ենթարկվել»,- ասաց Բալայանը:

Բալայանը խոսեց նաև այն մասին, թե իշխանափոխությունը ինչպես անդրադարձավ դատաիրավական համակարգի վրա: Նա նշեց, որ նախկինում ոչ միայն ուղղորդվել է դատավորների աշխատանքը, այլ նաև եղել են այսպես ասած ցուցակային գործեր:

«Եթե փաստաբանների, դատավորների, դատախազների հետ անկեղծ զրուցեք, նրանք կասեն, որ եղել են նաև «ցուցակային» գործեր, թե որ գործով ինչ որոշում պետք է կայացվի: Նման դեպքեր մենք ունեցել ենք»,- հայտարարեց նա:

ՍԴ նախկին անդամը նաև նշեց, որ հիմա երբ այլևս ցուցումներ չկան վերին օղակներից, դատավորները սկսեցին ինքնուրույն լինել:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների հետ կապված 2003թ.-ի, 2008թ.-ի ՍԴ որոշումներին, որոնք վերաբերում էին ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու դիմումներին, ապա Կիմ Բալայանն ասաց, որ չի եղել դրանք անվավեր ճանաչելու իրավական հիմք:

«Րաֆֆի Հովհաննիսյանի գործի քննության ժամանակ, ես նույնիսկ չեմ ուզում անուն տալ, որովհետև գործող քաղաքական գործիչ է, դատարանի դահլիճում հարց եմ տվել, ասել եմ՝ Ձեր գործունեությամբ նպաստում եք, որ Հովհաննիսյանի գործով իրականությունը վերհանվի՞, թե՞ խանգարվի: Պահանջում էին բոլոր տեղամասերից բերել քվեաթերթիկները և ստուգել: Դա ՍԴ–ի հետ առնչություն չունի: Որևէ մեկը բողոք չէր գրել, ՍԴ-ն ի՞նչ դնի իր որոշման հիմքում՝ անվավեր ճանաչելու համար: Հասարակությունն իր իրավագիտակցությունն այնքան չի զարգացրել, որ իրավական հիմքեր ստեղծի: Թող դատարան դիմեին, ճիշտ որոշում չկայացներ, ՍԴ-ն հնարավորություն կունենար գնահատել: Կարող եմ ասել, որ այս հարցում ՍԴ-ին մեղսագրվող արարքները տեղին չեն»,- մանրամասնեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ