28 06 2018

Մենք որտեղի՞ց իմանայինք, որ Սաշիկ Սարգսյանի և երկրորդ մեքենայի զենքերն օրինական են, թե՝ ոչ. Ոստիկանապետ

Մենք որտեղի՞ց իմանայինք, որ Սաշիկ Սարգսյանի և երկրորդ մեքենայի զենքերն օրինական են, թե՝ ոչ. Ոստիկանապետ

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մոտ հայտնաբերված զենքն օրինական է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Մենք ի սկզբանե չգիտենք՝ զենքը օրինական է, թե ոչ, բայց այն, որ տեղեկություն ենք ստացել, որ Ալեքսանդր Սարգսյանի մոտ և մեքենայի մեջ զենքեր կան, փաստ է: Այդ փաստը ստուգեցինք, զենքերն օրինական են, անցնում են համապատասխան փորձաքննություն»,- ասաց ոստիկանապետը:

Այն հարցին, թե իր վրա Ալեքսանդր Սարգսյանի հարցով ճնշում եղե՞լ է, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Ես իմ գործառույթներն իրականացնում եմ ՀՀ Սահմանադրությանն ու Սահմանադրությունից բխող օրենքներին համապատասխան:

Ինձ որևէ ցուցում, որևէ հրաման չի եղել:

Եթե դուք տեղեկանայիք, որ Սաշիկ Սարգսյանը զենք ունի, բա հարց չէիք տալո՞ւ, որ Սաշիկ Սարգսյանը զենքով է ման գալիս, ինչո՞ւ չեք տանում: Մենք որտեղի՞ց իմանայինք, որ Սաշիկ Սարգսյանը և երկրորդ մեքենայի զենքերը օրինական են, թե՝ ոչ: Ոստիկանության համար ով ուզում է լինի, այդ օրը տեսադաշտում ինքն է հայտնվել, իր մասով ենք տեղեկություն ստացել»: 

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի կնոջ ձերբակալությանը, ոստիկանապետն ասաց. այսօրվա Հայաստանում, եթե մարդ են ձերբակալում, ուրեմն բավարար հիմքեր կան:

Վալերի Օսիպյանը պնդեց, որ Նազիկ Ամիրյանի ցուցումով են ԵԿՄ շենքից մեքենաներով տեղափոխվել պահածոները:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ