ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր սենսացիոն բացահայտումներ են լինելու: «ԱԱԾ–ն ռեպրեսիվ մարմին չէ, ռեպրեսիաներով ԱԱԾ–ն չի զբաղվում, և ես թույլ չեմ տա, որ երբևէ զբաղվի»։ Ինչ վերաբերում է Էջմիածնի դեպքերին և Մանվել Գրիգորյանի սեփական տարածքներում խուզարկումներին, Վանեցյանն ասաց, որ բացահայտումը վերջին օրվա լարվածությունից չի սկսել, եղել է պլանավորած աշխատանք:
ԱԱԾ տնօրենն ասաց, որ այլ անձանց, այլ բարձրաստիճան զինվորականների տներում ստուգումներ չեն լինելու, քանի դեռ չկան ստույգ փաստեր և տվյալներ։ «Մենք երբևիցե չենք գնում մի տեղ ձևական, մենք գնում ենք ունենալով օպերատիվ տվյալներ: Մենք նախօրոք ենք ճշտում ամեն ինչը, և եթե ԱԱԾ–ն սկսում է գործել՝ նշանակում է այդ գործը ունենալու է միանշանակ դատական վախճան»:
Դոն Պիպո մականվամբ Արթուր Ասատրյանի մոտ, ըստ ԱԱԾ տնօրենի, հայտնաբերվել է երկու ինքնաձիք և 4-5 ատրճանակ, նա կալանավորվել է: Ձերբակալման որոշումը պետք է կայացնի դատարանը։
Լրագրողների հարցին, թե չի՞ վախենում, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ լսել է, որ որոշ խմբեր ուզում են իրեն վնասազերծել. «Բայց չի ստացվի»: Ինչ վերաբերում է վարչապետի անվտանգությանը, ասաց. «Կարծում եմ՝ ոչ ոք չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետին… »:
ԱԱԾ տնօրենը դիմեց նաև բնապահպաններին՝ կոչ անելով տեր կանգնել Մանվել Գրիգորյանի արջերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը