18 06 2018

Խայտառակություն է, երևույթը որևէ արդարացում չունի. Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Խայտառակություն է, երևույթը որևէ արդարացում չունի. Շարմազանովը՝ Մանվել Գրիգորյանի մասին

«Զինվորի հացը գողանալն անթույլատրելի և դատապարտելի արարք է, դա խայտառակություն է: Զինվորի հացը գողացողն ազգի դավաճան է». Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ԱԱԾ բացահայտումներին:

«Հանրապետական կուսակցությունը նախկինում ասել է և այժմ էլ ասում է՝ ցանկացած օրինախախտում մեզ համար դատապարտելի է, օրենքի առջև որևէ կրկնակի ստանդարտներ չպետք է լինեն: Ես նախ և առաջ կրում եմ պատասխանատվություն իմ կուսակցության և իմ արարքների համար: Իմ ճակատը բաց է և շատ բաց ճակատով եմ ասում՝ ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Երեկվա դեպքի մասին՝ եթե պարզվի, որ սա ինչ-որ հրապարակել է ԱԱԾ-ն, իրականություն է, սրան արդարացում չկա»,- ասաց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այցելել էին մեկուսարան և հանդիպել Մանվել Գրիգորյանին: Շարմազանովն ասաց, որ առաջին հերթին հետաքրքրվել են նրա առողջությամբ: Մանվել Գրիգորյանն էլ ասել է, որ հայտնաբերված զենքն իրեն չի պատկանում։ Իսկ պատերազմի մասնակիցներին ուղարկած նամակների, օգնության հարց այդ ժամանակ չի եղել: «Արարքը կատարվել է, այն արդեն դատապարտելի է, սա խայտառակությունն է, իսկ ում կողմից է կատարվել, երբ է  կատարվել, սա արդեն ԱԱԾ-ն թող բացահայտի։ Երևույթը որևէ արդարացում չունի»:

Հարցին՝ Մանվել Գրիգորյանին խմբակցությունից կհեռացնե՞ն, թե ոչ՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ պետք է հետևել դատական գործընթացի տրամաբանությանը:

 

Հիշեցնենք՝ ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտում հայտնաբերվել է «զինվորի բաժին» նշագրումով սնունդ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք, զինվորական հանդերձանք: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդ է հայտնաբերվել կամ պաշտպանության նախարարությանը մատակարարված «զինվորի համար» հատուկ գրությամբ մթերքներ, որոնք ենթակա չեն վաճառքի:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ