18 06 2018

Գլխավոր դատախազը դիմել է ՀՀ վարչապետին՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով

Գլխավոր դատախազը դիմել է ՀՀ վարչապետին՝ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով

Արդեն տեղեկացվել է, որ սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից անհայտ անձից, չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է, ինչի մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

Ելնելով քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 17-ին քրեական գործը վերցրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթից և հանձնել ՀՀ ՀՔԾ վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է երկու ծառայությունների քննիչներից ստեղծել քննչական խումբ և շարունակել նախաքննությունը:

Արդեն իսկ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների, համատեղ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք է բերվել ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից իրեն մեղսագրվող հանցանքի կատարումը վկայող ապացույցների բավարար համակցություն, ինչը տալիս է նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրելու վերաբերյալ համաձայնություն ստանալու նպատակով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով համապատասխան ընթացակարգ նախաձեռնելու բավարար հիմքեր:  

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ