31 05 2018

Բարձրագույն դատական խորհուրդը՝ եվրոինտեգրման գործընթացում

Բարձրագույն դատական խորհուրդը՝ եվրոինտեգրման գործընթացում

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Պորտուգալիայի Հանրապետության մայրաքաղաք Լիսաբոնում հրավիրվել է Դատական խորհուրդների Եվրոպական միավորման վեհաժողովը, որին մասնակցում են Բելգիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մալթայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Շոտլանդիայի, Ալբանիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Մոնտենեգրոյի, Նորվեգիայի, Սերբիայի, Շվեդիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Հայաստանի և Ուկրաինայի պատվիրակություններ: Այս մասին հայտնում է դատական դեպարտամենտը:

Վեհաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հանդիպումը Դատական Խորհուրդների Եվրոպական միավորման նորանշանակ նախագահ, Հոլանդիայի Դատական խորհրդի փոխնախագահ և գերագույն դատարանի անդամ Կեյս Սթերքի հետ։ Շնորհավորելով պարոն Սթերքին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` պրն Հովհաննիսյանը նրան է փոխանցել Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հարությունյանի ողջույնի ուղերձը և Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը։

Կողմերը քննարկել են Եվրոպական Միության լրջագույն իրավական կառույցին լիիրավ անդամակցելու ՀՀ ԲԴԽ հեռանկարները, եվրոպական և հայաստանյան դատական խորհուրդների առջև ծառացած խնդիրները, մասնավորապես՝ արդարադատության որակի բարձրացմանն ուղղված ժամանակակից մոտեցումներն ու մեթոդները, որոնք փորձարկվել և կիրառվում են եվրոպական տարբեր երկրներում և կարող են տեղայնացվել ու ներդրվել նաև ՀՀ դատական համակարգում։

Նշելով, որ որակյալ արդարադատության իրականացման համար դատական իշխանության անկախությունը հանդիսանում է անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման, կողմերն առանձին անդրադարձ են կատարել դատարանների բեռնաթափման, դատական ծառայողների շարքերը որակյալ կադրերով համալրելու, դատավորների աշխատաժամանակի օպտիմալացման ուղիներին, դատարանների բյուջետային հայտի ձևավորման նորարար մոտեցումներին, արդարադատության թվայնացման և էլեկտրոնային արդարադատության ներդրման փորձին։

Վեհաժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հիմնական հարցերը.

  • Դատական իշխանության անկախությունն ու հաշվետվողականությունը և արդատադատության որակը,
  • Հանրային վստահությունը և արդարադատության կերպարը (իմիջը),
  • Թվային արդարադատություն,
  • Պորտուգալիայի դատական բարեփոխման դասերը. առավելություններն ու հնարավորությունները,
  • Դրական փոփոխության ուղղորդումը. փոփոխություններ իրականացնելու, արդարադատական մշակույթի և դատական համակարգի համար դատական խորհուրդների դերի վերաբերյալ խմբային քննարկումներ,
  • Դրական փոփոխությունների հանգեցնող գործողությունների ծրագրի ներկայացում և քննարկում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ