30 06 2023

Գագիկ Հարությունյանին պատշաճ ծանուցված չի եղել եւ չի ներկայացել դատարան․ «Հրապարակ»

Գագիկ Հարությունյանին պատշաճ ծանուցված չի եղել եւ չի ներկայացել դատարան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի առաջին ատյանի քրեական դատարանի Ավանի նստավայրում հունիսի 28-ին պետք է տեղի ունենար ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով դատական նիստը: Սակայն նիստը հետաձգվել է, քանի որ վկան՝ ՍԴ եւ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, պատշաճ ծանուցված չի եղել եւ չի ներկայացել դատարան։
Հարությունյանը բնակվում է Եղվարդում, եւ, որոշ տեղեկություններով, փոստային ծառայության հետ է կապված եղել խնդիրը։ Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 12-ին, տեղեկացանք, որ Գագիկ Հարությունյանը դատարանին տեղեկացրել է, որ այդ օրերին Հայաստանում չի լինելու, ուստի չի կարող դատարան ներկայանալ, նրա փոխարեն դատարանն այլ վկայի կլսի։ Թե ում, մեզ չհաջողվեց պարզել։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու ու պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Արսեն Բաբայանը՝ նշված գործողությանն օժանդակելու մեջ։ Ի դեպ, թվում էր, թե նախկինների օրոք ամենաերկարատեւ եւ ամենաբարձր պաշտոններում աշխատած Գագիկ Հարությունյանի նկատմամբ եւս պետք է որեւէ վարույթ լինի, նվազագույնը՝ ապօրինի գույքի բռնագանձման հոդվածով, եւ նրա ելքը երկրից փակ պետք է լինի, սակայն պարզվում է՝ նա այն եզակիներից է, որի նկատմամբ ոչ մի վարույթ հարուցված չէ, եւ նա անարգել կարող է՝ երբ ուզենա, մեկնել երկրից, եւ դատարան էլ կանչվում է բացառապես որպես վկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ