05 03 2018

Գևորգ Կոստանյանը կոչ արեց դեմ քվեարկել Կառավարության առաջարկած փոփոխությանը

Գևորգ Կոստանյանը կոչ արեց դեմ քվեարկել Կառավարության առաջարկած փոփոխությանը

Կառավարությունն առաջարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել նաև այն դեպքում, երբ մեղադրյալի կողմից էականորեն կամ պարբերաբար խախտվել են իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, և կան բավարար հիմքեր՝ ենթադրելու, որ այդ խափանման միջոցի կիրառումը կամ խափանման այլ միջոց կիրառելն այլևս բավարար չեն նրա կողմից՝ օրենքով նախատեսված որևէ գործողության կատարումը կանխելու համար:

ԱԺ պետարիրավական հանձնաժողովում օրինագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց. «Օրենսգրքում նախատեսված են մի շարք գործողություններ, որոնք հիմք պետք է հանդիսանան, որպեսզի կիրառվի կալանքը որպես խափանման միջոց: Այդուհանդերձ, մենք մտցնում ենք լրացուցիչ պայման, որ դրանք կարող են հիմք հանդիսանալ կալանքի համար, միմիայն եթե համապատասխան հանցագործության համար առավելագույն պատիժը գերազանցում է 1 տարին: Կա ևս մեկ դրույթ, ըստ որի, եթե ընտրվել է այլ խափանման միջոց, բայց անձը խախտում է փախանման միջոցի պայմանները, ապա անձը կարող է կալանավորվել: Մենք հանգել ենք եզրակացության, որ ինքնին խափանման միջոցի պայմանները խախտելը չի կարող հիմք լինել կալանքի համար, անհրաժեշտ են լրացուցիչ պայմաններ: Դրանք են՝ նախ, խախտումը պետք է լինի էական կամ պարբերական, երկրորդ՝ պետք է բավարար հիմքեր լինեն ենթադրելու, որ խափանման միջոցի պահպանումը կամ այլ՝ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցը արդյունավետ չէ և միայն այդ դեպքում՝ կարող է կիրառվել կալանք: Այսինքն եթե մարդը կոպտորեն կամ պարբերաբար խախտում է, օրինակ, չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը, պետք է համոզմունք առաջանա, որ այն այլևս արդյունավետ չէ, ու կան հիմքեր՝ ենթադրելու, որ անձը կկատարի առաջին մասով նախատեսված որևէ գործողություն»,-ընդգծեց նախարարը:

Նրա հետ սկզբունքորեն համաձայն չէր Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Նա նշեց, որ այս փոփոխությամբ կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ ասենք, ըդհանրապես այդ արարքի համար ազատազրկում նախատեսված չէ օրենսգրքով, բայց քննիչի կանչով չներկայանալու դեպքում մարդուն կարող են ազատազրկել, ինչը սկզբունքորեն անընդունելի է:

«Սա սկզբունքորեն հակասում է եվրոպական կոնվենցիային, քանի որ դրանով պատժի ենք ենթարկում մարդուն: Եթե մարդուն կանչում ես չի գալիս, բերման ենթարկիր, ինչո՞ւ ես կալանավորում: Քանի որ պարոն Հարությունյանը մեզ փաստի առջև է կանգնեցրել, արդեն պետք է քվեարկենք կառավարության ուզած տարբերակով, ես առաջարկելու են դեմ քվեարկել, թող տանեն փոփոխեն: Հիմա մենք ունքը ուղղելու փոխարեն աչքն ենք հանում»,- հայատարեց Կոստանյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ