Մերձավանում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ հավելելով, որ այժմ կալանքի տակ է գտնվում չորս անձ։
Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է իրականացվում 9 անձի նկատմամբ, որոնցից այս պահին արգելանքի տակ է միայն վեցը, մասնավորապես, նրանցից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, մյուս երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Քրեական գործով երեք անձի նկատմամբ էլ, որոնցից մեկը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, սպանությունը կատարած անձանցից է, հետախուզում էր իրականացվում։
Այժմ հայտնի դարձավ, որ ևս մեկ անձ է կալանավորվել։ Վարույթն իրականացնող մարմինն առայժմ չի հստակեցնում, թե ով է կալանավորված անձը և ինչ մեղադրանքով է կալանավորվել, արդյո՞ք այն անձանցից մեկն է, որին իրավապահները փնտրում էին։ Այդուհանդերձ, կարող ենք արձանագրել, որ քրեական հետապնդում իրականացվում է 9 անձի նկատմամբ, իսկ վերաքննիչ դատարանը չի փոխել տնային կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը