Այսօր՝ փետրվարի 12-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Րաֆֆու փողոցի 87 շենքի բակում կրակոցներ են հնչել, որի ժամանակ տեղի է ունեցել ավազակային հարձակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության ծառայողները՝ վարչության պետի տեղակալներ Արմեն Պետրոսյանի, Վահե Մուշեղյանի և Երևանի քրեական ոստիկանության վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել և տարածքը սահմանազատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ, արնանման հետքեր, «բալոնչիկ» և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, պատկանում է տուժածին։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում, զինված հարձակվել են «Chevrolet»-ի վարորդի վրա, նրան պատճառվել վնասվածք և արձակել են երեք կրակոց ու հափշտակել են նրա մոտ եղած մոտ 50 հազար ԱՄՆ դոլար գումարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը