Մերձավանում զինված միջադեպի գործով հետախուզվող երեք անձանցից մեկը սպանության անմիջական մասնակիցներից է, «Փաստինֆո»-ին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 01։00-ի սահմաններում՝ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ էին հնչել, սպանվել էր վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին, Ախտոյանների ընկերը վիրավորվել էր։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 335-րդ հոդվածով (ապօրինի հրազեն պահելու) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի գործադրմամբ խուլիգանության):
Վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է իրականացվում 9 անձի նկատմամբ, որոնցից այս պահին արգելանքի տակ է միայն 6-ը, մասնավորապես, նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, մյուս 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Քրեական գործով երեք անձի նկատմամբ էլ, որոնցից մեկը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, սպանությունը կատարած անձանցից է, հետախուզում է իրականացվում։
«3 անձանցից մեկը սպանություն կատարած անձանց թվում է: Վերջիններիս ձերբակալելու վերաբերյալ որոշումներ են կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ»,- լրատվամիջոցին ասել են ՔԿ-ից։
Ինչ վերաբերում է դեպքի վայրում կիրառված զենքերին, ապա ՔԿ մամուլի խոսնակը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ դեպքի վայրում եղել է մեկ ինքնաձիգ և մեկ ատրճանակ։ Հանցագործության գործիք ինքնաձիգը դեռևս չի հայտնաբերվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը