20 02 2025

2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում

2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում

Կառավարության այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստերի օրակարգում այսպիսի հարց էր ներառվել՝ 2020թ. հուլիսյան հրետակոծության հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում գտնվող քաղաքացու տան վերակառուցման աշխատանքների իրականացում։

2020թ.-ի հուլիսին Ադրբեջանի կողմից հրետակոծությունների հետևանքով ՀՀ վնասվել էր Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում գտնվող Նվերա Գալստյանի հայրական տունը։

Հիմնավորման մեջ գրված է, որ հրետակոծության արդյունքում բնակելի տների ամենախոցված մասերն են տանիքները և պատուհանները, բացառություն չէ նաև քաղաքացու հայրական տունը։ Տան տեխնիկական վիճակն այնպիսին է եղել, որ այն ընթացիկ վերանորոգումով վերականգնման ենթակա չի եղել։ Մասնավորապես՝ տանիքի ծածկը հին և կոտրատված ազբոշիֆերից է` ծածկի փոխարինումը նոր ազբոշիֆերով գործող նորմերով անթույլատրելի է, իսկ պատուհանները փայտից են, մաշված, հետագա շահագործման համար ոչ պիտանի, ինչի պատճառով միայն կոտրած ապակիների փոխարինումն անարդյունավետ է:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն էր առաջացել մասնագիտական խմբի կողմից կատարել լրացուցիչ ուսումնասիրություն։ Ուսումնասիրության արդյունքով առաջարկվեց՝ քաղաքացուն կրած վնասի փոխհատուցման փոխարեն կատարել բնակելի տան կմախքի ուժեղացում, իսկ շահագործման համար ոչ պիտանի հատվածները քաղաքացու համաձայնությամբ քանդել՝ պահպանելով հայրական տան արտաքին տեսքը։

Արձանագրված իրավիճակում որոշում կայացվեց վերակառուցել քաղաքացու տունը և խնդրի կարգավորման նպատակով  2024 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 1640-Ն որոշմամբ հատկացված ֆինանսական միջոցները ուղղել տան վերակառուցմանը։

Վերը նշվածը հաշվի առնելով՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել տան վերակառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր (1 060.0 մլն. դրամ), համաձայն որի տան վերակառուցման  համար անհրաժեշտ կլինի շուրջ 13 150․4 մլն. դրամ։

Արդյունքում՝ հատկացվեց ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել  14 210․4 մլն. դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ