Ուրֆայի Խալֆաթի գավառում վաճառքի է հանվել այն տարածքը, որի վրա են գտնվել մի հին հայկական եկեղեցի և քահանայատուն։ Հայկական եկեղեցու ավերակները վերջնականապես փլվել էին 2023 թ․ փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ։ Հողատարածքը գնահատվել է 2 միլիոն 800 հազար թուրքական լիրա։ Գրում է Akunq.net-ը:
Աղբյուրի համաձայն՝ 2025 թ․ փետրվարի 5-ին հրապարակված վաճառքի հայտարարության մեջ նշված է, որ հողատարածքը սեփականաշնորհված է և կազմում է 904 քմ տարածք։
Այդ թաղամասի բնակիչներից մեկը Artı Gerçek-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է․ «Ասում են, թե նախկինում այստեղ հայեր են ապրել։ Գյուղում եղել են մի հայկական եկեղեցի և քահանայատուն։ Հայերը մոտավորապես 120 տարի առաջ են գյուղը լքել (իրականում տեղի հայությունը բռնի տեղահանվել և կոտորվել է Հայոց ցեղասպանության տարիներին, այսինքն՝ 110 տարի առաջ-Ակունքի խմբ․)։
Հետագայում եկեղեցու մի մասը մզկիթի են վերածել։ Թե՛ եկեղեցին շրջապատող պատերին և թե՛ քահանայատան պատերին զարդաքանդակներ և զարդանախշեր են եղել, սակայն դրանք բոլորն էլ ավիրվել են երկրաշարժի ժամանակ։ Երկրաշարժից առաջ այս տարածքի սեփականատերն այստեղ էր բնակվում։ Լսեցինք, որ ներկա պահին մտադիր է վաճառել հողատարածքը»։
Թաղամասի բնակիչը նշել է նաև, որ նախկինում Ջիբին անունը կրող այդ հին թաղամասում այլ եկեղեցիներ էլ են եղել և հավելել․ «Ասում են, թե այս շրջանում հնում 4 եկեղեցիներ են գտնվել։ Ի վերջո, միայն այս եկեղեցին էր պահպանվել, բայց այլևս նրանից էլ հետք չի մնացել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը