Նոր կարգավորումներ՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման չափաքանակներում։ Օգոստոսի 19-ից նվազեցվել է ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստան տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների արտոնության շեմը․ Ֆիզիկական անձինք առանց մաքսային վճարների Հայաստան կարող են ներմուծել 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ:
Արտոնության շեմի նվազեցումը, սակայն չի վերաբերում ներմուծվող անձնական օգտագործման օգտագործված ապրանքների չափաքանակներին, որոնց համար արժեքային և քանակային չափորոշիչներ սահմանված չեն, բայց անձնական օգտագործման օգտագործված ապրանքների համար այդպիսին դիտարկվելու որոշակի չափորոշիչներ սահմանված են Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի 107 որոշմամբ: Անձնական օգտագործված ապրանքներ են համարվում ուղևորության ընթացքում և նշանակման վայրում օգտագործման նպատակով ակնհայտ օգտագործման նշաններ ունեցող ապրանքները (մաշվածությունը, հաշվեպիտակների, ապրանքանիշների, պիտակների, առաջնային փաթեթվածքի բացակայությունը և այլն): Հաշվի է առնվում նաև սեզոնայնությունը, ուղևորության նպատակը, տրանսպորտի տեսակը, ԵԱՏՄ սահմանը հատելու հաճախականությունը։
Ցամաքային սահմանահատումներով անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը նվազեցվել է ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1206-Ն որոշման համաձայն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը