2024թ. 7 ամիսների ընթացքում առանց վավերական վիզայի կամ կացության կարգավիճակի Հայաստանի տարածքում բնակվելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել Հնդկաստանի 441 քաղաքացիներ, որոնց նկատմամբ իրականացված վարչական վարույթների արդյունքում գանձվել է 22․500․000 ՀՀ դրամ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
Համաձայն ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով:
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2023 թվականի ընթացքում առանց վավերական վիզայի կամ կացության կարգավիճակի ՀՀ տարածքում բնակվելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել Հնդկաստանի 8284 քաղաքացիներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը