«Պարսիկներն ու հնդիկները միայն Հյուսիսային պողոտայում չեն, էս պահին լիքը լցված են նաև Ավանի հոսպիտալում, կորոնավիրուսից են բուժվում, մեր հաշվին: Հիմա Ավանում մատների վրա հաշված հայ վարակակիրներ կան։ Փաստորեն, դրսից վարակված գալիս են, որ էստեղ բուժվեն, պատվաստվեն-հետ գնան, իսկ մեր հարկատուների փողերը մսխվեն պարսիկ ու հնդիկ տուրիստի համար:
Ավանի հոսպիտալու բուժվող 45-50 պարսիկի, չինացու ու հնդիկի մասին շաբաթ օրն իմացա, մի միջադեպ եղավ․ պարսիկ վարակակիրը փախել էր հոսպիտալից, ոստիկանությունը խառնվել էր իրար, հաջորդ օրը պարզվեց՝ հետախուզում է հայտարարվել վարակակիր պարսիկի նկատմամբ։ Իսկ կորոնավիրուսի պատճառով է, թե իրականում լուրջ հանցագործ է եղել փախուստի դիմողը, չգիտեմ։ Միայն հասկացանք, որ փախուստի դիմելուց առաջ այդ տղայով մեր ոստիկանությունից ոնցոր թե հետաքրքրվել էին։ Թերևս էդ պատճառով էլ դիմեց փախուստի»,- ուշագրավ մանրամասներով Yerevan.Today-ին իր աչքով տեսածն է պատմում մեր հայրենակիցներից մեկը, ով, այդ ժամանակ գտնվել է Ավանի՝ ոստիկանական հոսպիտալ կոչվող բժշկական կենտրոնում:
Ստացվում է՝ Հայստանում պատվաստվելու մոտիվացիայով Իրանից ու Հնդկաստանից տուրիստների ահռելի ներհոսքը իրականում ոչ այնքան եկամուտներ է մեզ տալու՝ տուրիզմի ոլորտով, որքան պետական միջոցներ է մսխում կորոնավիրուսով բուժսպասարկման համար:
Արդյո՞ք արտասահմանցիները պետպատվերի շրջանակներում են սպասարկվում Հայստանում՝ կորոնավարակով ախտահարումներից հետո, և ի՞նչ թիվ են կազմում այս պահին ՀՀ ԲԿ-ներում ներկայում բուժվող իրանցիներն ու հնդիկները, ունե՞նք սահմանած չափ՝ կորոնավարակակիր տուրիստների բուժսպասարկման համար: Քաղաքացուց ստացված տեղեկատվության ու մեր հարցադրումների վերաբերյալ Առողջապահության նախարարությունը շատ անսպասելի պատասխան տվեց Yerevan.Today-ին. «Նախ առանձին վիճակագրություն նախարարությունը չի վարում և չենք կարող ասել՝քովիդով հիվանդ քանի այլազգի է բուժվել և բուժվում Հայաստանում։ Ինչ վերաբերում է վճարման պայմաններին, ապա այո, նրանք ևս կորոնավիրուսից բուժվում են 100% անվճար հիմունքներով ՝ ինչպես բոլորս, այսինքն՝ ՀՀ բյուջեի հաշվին՝ պետպատվերի շրջանակներում»:
Մենք ինչպես պատվաստանյութերի հարցում, այնպես էլ բուժման դեպքում ներդրել ենք անվճար բուժսպասարկման սկզբունքը որովհետև մեզ համար կապ չունի՝ վարակակիրը այլազգի՞ է , թե հայ և ՀՀ քաղաքացի»,- Yerevan.Today-ին պարզաբանեց ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ ընդգծելով, որ ոսկե կանոն չէ անգամ պարսիկի կամ հնդիկի 10 օր գտնվելուց հետո կորոնայով պատվաստվելու իրավունքի պայմանը, անհրաժեշտության դեպքում այդ կարգավորումների հարցում ևս ՀՀ կառավարությունը որդեգրել է ճկուն մոտեցում:
Փաստորեն, Նրանց փոխարեն վճարում է Հայաստանի Հանրապետության հարկատուն, իսկ թե ինչ է շահում ամեն պատվաստվող տուրիստ իրանցուց կամ հնդիկից Հայաստանի տնտեսությունը, խիստ մեծ հարցականի տակ է։ Հիշենենք՝ մեզ մոտ կորոնավիրուսով բուժսպասարման պետպատվերի փաթեթը արժե մինչև 720 հազար դրամ: Իսկ մեր հարևան պարսիկների՝ Հայաստանում պատվաստվելու գալը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համարում էր առողջապահական տուրիզմի զարգացում։
Նշենք նաև, որ ՀՀ բազմահազար քաղաքացիներ կորոնավիրուսից բուժվում են տանը՝ սեփական միջոցներով։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը